արհուրելի կերպով շպարված[1] ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր: Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կը փայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ թավիշի կակուղ հպումին տպավորությունը կը ձգեր մարմնիդ վրա: Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված, ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին: Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր, որ գլուխը դեպի ետ կը ծռեր քիչ մը:
Հոռի[2] ճաշակով պոռչտող[3] բան մըն էր արդուզարդը. կապույտ դիպակե փեշ[4] մը, կարմիր մետաքսե վերիդիով մը ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր, որ իր զրկված արարածի միամիտ վրիժառությունն էր տիկիններու դեմ:
Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սև գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատև ջանքեն կը հայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կʼավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը: