Չորրորդ հարկի խցիկին կեսը կը գրավեր իր անկողինը, լայն, խորունկ ու ընդարձակ, որ իր սավաններուն երկբայելի[1] ճերմկությամբը՝ մտածել կու տար հոն առաջնորդվողը: Այդ անկողնին վրա նետած նայվածքես գուշակելով իմ վարանքս՝ կը համոզեր զիս, վեր առնելով, մեկիկ-մեկիկ ցուցնելով վերմակը, բարձին երեսը դեռ նոր լվացված, կ’ըսեր ինծի, լեզու թափելով ապրանքը քշել ուզող վաճառականի մը պես: Ու բռնի նստեցնելով զիս անկյունին պզտիկ սետիրին[2] վրա, խնդալով տղու մը պես, գրկելով գլուխս, կ’ավելցներ.
- Պագնեմ քեզի անգամ մը:
Նախահարձակը ինքը կ’ըլլար, պզտիկ ձգելով իմ պատանի մարդու նոր սկսող հավակնություններս:
Վարժ աղջիկ մըն էր, որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կը ջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով:
Իր մարմնին բուրումը՝ չեմ գիտեր ինչ լլկող ու անուշ հոտ մը՝ մատուցումը կը շեշտեր:
- Այս տանը մեջ, կ’ըսեր ինծի, ամենեն պզտիկը ես եմ. զատկին տասնըյոթս պիտի լմնցնեմ:
Ճիշտ քովս նստած էր, կատվի մը պես պզտիկնալով, գրեթե սեղմվելով կուրծքիս վրա:
Հինգ վայրկյանի մեջ արդեն մտերմացած հետս՝ կը հարցուփորձեր զիս. ով ըլլալս հասկնալ կ’ուզեր:
Եվ առանց սպասելու, որ իմ պատմությունս ընեմ՝ ինքը իրենը կը զրուցեր ինծի, հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն.
- Երկու տարի առաջ մայրիկս մեռավ, - այս «իկս»–ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա, - հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ