քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. մեյ մըն ալ մեծ մայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ. ամենքը ես կը պահեմ:
Այս վերջին բառին մեջ իր ընտանիքի տեր ու գլուխ եղող անձի պատասխանատվությունով լեցուն հպարտության շեշտը կը դնե:
Ատկե դուրս իր քրոջը խոսքը հոս՝ ամոթով լեցուն այս մթնոլորտին մեջ՝ թող չիտար, որ ըլլըվի. խստաբարո ու աչալուրջ մոր մը ձևը կ’առնե դեմս. կը ծիծաղիմ քիչ մը վրան, բայց կը տեսնեմ, որ իսկույն կը խոժոռի իր աղվոր ճակատը:
Հետո, վախնալով, որ զիս չսրդողցնե.
- Գոցենք այս խոսքերը, - կ’ըսե ինծի:
Իր շրթունքը նորեն կը փակչին իմիններուս և իր մարմնին բոլոր բեռը վրաս կը ծանրանա պահ մը:
Այն օրը այսքան եղավ մեր բոլոր ճանչվորությունը. իմ թախանձանքներս ասկե ավելի գոհացում չստացան:
- Ի՞նչպես կրնա ըլլալ, ավագ շաբաթով, - կ’ըսեր զարմացած, - դուն քրիստոնյա չե՞ս:
Իրոք ավագ շաբթվան մե՞ջն էինք:
Պահք կը բռներ[1] անիկա ու վերջին օրն ալ ծոմ պիտի պահեր: Իր ջերմեռանդ ու մեղավոր աղջկան համոզումներուն տարօրինակ գիրկընդխառնումը կը պարզեր ինծի:
- Ո՞ր օր սրբություն պիտի առնես[2],— հարցուց հանկարծ:
- Չեմ գիտեր աղեկ մը, - պատասխանեցի, -