Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա.

Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմած էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բարձրահարկ ապարանքներովը: Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը: Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին: Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը: Հեռվե հեռու, ուղիղ ու լայն ճամփուն բոլոր երկայնությամբը, մութին մեջ կը տեսնվեր շարք մը կարմիր ու արյունագույն կետերու, որոնք կազերուն[1] տամուկ ու դողդոջուն լույսերն էին:

Քազինոները[2], քաֆե[3] շանթանները և ուրիշ զբոսավայրերը շատոնց գոցված էին. անոնց տեղ, հոս՝ մսավաճառի, հոն՝ կաթնավաճառի խանութ մը իր դուռը կը բանար, և մութուն ելլելու վարժվող այս խանութպաններու աշակերտները՝ դեռ նոր արթնցած, կես քուն, կես արթուն, կանթեղի լույսով գիշերեն կ’սկսեին իրենց օրական աշխատությունը:

Ձայն ձուն չկար դեռ, ու գիշերապահը տասներկու կը զարներ փողոցին հնչուն մայթին վրա: Պատի մը տակ, մարդ մը՝ անշուշտ խաղատան մը մեջ ունեցածը չունեցածը կորսնցնելե ետքը, կծկտած էր լուսնալուն սպասելով, պառկելու տեղ մը գտնելե հուսակտուր, վասնզի այս հյուրընկալ փողոցը ստակ չունեցողներուն համար չէ: Ասդին-անդին քուրջեր հա

  1. կազ - նկատի ունի փողոցը լուսավորող նավթի լամպը
  2. քազինո, կազինո - (ֆրանս.) սրճարան - խաղատուն
  3. քաֆե, կաֆե - (ֆրանս.) սրճարան