Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոն, սուրբերու պատկերներուն դեմ, զորս լուռ, բայց անաչառ վկաներ կը կարծեր իր ամուսնության, իր տառապանքը կը պարզեր ու ջերմեռանդ աղոթքներովը, որոնք հանդիմանության պես բան մը կը նշանակեին, պատասխանատու բռնել կ’ուզեր այս եկեղեցին իր խորանովը, մասունքներովը, բոլոր սուրբերովը, իր կործանած հույսերուն համար: Սակայն այս հավիտյան բացակա էրկանը համար ըրած աղոթքները չէին փոխեր իր ճակատագիրը:

Այն ատեն հարկ կ’ըլլար համոզվիլ, բոլորովին հույսը կտրել այս ամեն ժամ սպասված ու ամեն ժամ ի դերև եղած վերադարձեն:

Գիտեր, ստույգ գիտեր ալ, որ ամուսինը չպիտի գար. բայց իրիկունը, առանց ուզելու, քայլերը կ’առաջնորդեին զինքը այն արտը, ուրկե վերջին անգամ տեսած ու Պոլիս ճամփած էր իր երիտասարդ էրիկը: Հոն, կանգուն և առանձին, հեռուն տարածվող ընդարձակ ու հարթ դաշտին վրա պտտցնելով իր հետախույզ նայվածքը. Այրին դեռ կը սպասեր:

(1888)