երկիր չպիտի երթար, առանց կնոջ ապրիլը անկարելի էր:
Գաղտնի ու անձայն պսակվեցան, գողերու պես, առանց պատրիարքարանին լուր տալու, բարեկամ մը հրավիրելու, ոսկի մը տվին քահանային ու խնդիր չմնաց: Այս եղավ իր վարած կյանքին վերջավորությունը:
Հայրենիքը իր կինը կը սպասեր. ձմեռը ամառվան, ամառը ձմեռվան կը հաջորդեր, ու տարիները կ’անցնեին անփույթ ու անտարբեր իր թախծալից ու սգավոր կյանքին համար:
Պոլսեն թուղթերը ցանցառ ու ուշացած կու գային. փոլոսները[1] չէին վճարվիր ա՛լ ու աները իր նամակներուն մեջ կը սպառնար հարսը վռնտել, երբոր երկրորդ փոլոսն ալ անվճար մնար. տանը մեջ ամենքը զինքը հանցավոր կը բռնեին էրկանը անտարբեր ընթացքին համար:
Գացողները կը շարունակեին Պոլսեն դառնալ, ու պատանիներ կ’երթային պանդխտության տառապանքներուն պակասը լեցնելու մայրաքաղաքին մեջ: Ու թուղթերը կը ճամփեին գեղեն, բարևներե, ընտանյաց անդամներու ողջ առողջ ըլլալուն լուրեն ու ստակ ղրկելու հավիտենական պահանջումեն բաղկացած: Պատասխան չկար: Հարսը՝ հիմա կատարյալ կին եղած՝ կրնար երբեմն անկյուն մը քաշված արտասվել:
Ամեն կիրակմուտքի եկեղեցի կերթար. կիսակործան ու գյուղին տնակներուն պես հին ու սևցած եկեղեցի մը, ուր պզտիկուց ի վեր գացած էր և ուր իր պսակը օրհներ էին:
- ↑ փոլոս - (ֆրանս.) պարտավորագիր