Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեն տվեր։ Թշվառական, ինձի հետ խոսած ատենդ կըսես, թե վարդապետ պիտի ըլլամ։ Առանց աղջիկի մնացիր, որ սորվիս ատանկ վնասակար սուտեր խոսիլը։

Առ տիկին Բ. — Տիկի՛ն, ամեն բան իմացա. դուն ամուսին չես առեր, այլ գող մը, բոլոր ունեցածդ առեր տարեր է։ Հարցուցի՞ր իրեն, թե որո՞ւ տարավ ինը հարյուր ոսկինոց կերտանլըխը, որո՛ւ տվավ յոթը հարյուր հիսուն ոսկիի գումարը. ուր կորսնցուց վերջերս իլամ եղած տասնհինգ հազար ոսկին։ Շատ և շատ իրավունք ունիք, տիկին, ատանկ ամուսին մը քովեդ վռնտելնուդ։ Բնավ հոգ մի՛ ընեք. ամեն մարդ ճանչցած է ձեր ազնվությունը և այսչափ տարի ատանկ ամուսինի մը հետ ապրելնիդ նորեն կը հաստատե, որ դուք խիստ ազնիվ տիկին մեք։ Իմացա ձեր հորը հետ մեկտեղ Վիեննա գացած եք աղջիկնիդ հոն կարգելու համար, այս մասին իմ կարծիքս գալ անգամ կը հայտնեմ ձեզ։

Առ պարոն Հ. — Դուն ալ եղբայր, ինչու խեղճ աղջիկներուն ստակը առեր քովդ պահեր ես, արդեն մորերնուն ունեցածը չունեցածը կերեր լմնցուցեր ես, հիմա ալ աղջիկնե՞րը թշվառ ընել կ՝ուզես։

Առ օրիորդ Ա. — Գիշերը տունը ուշ երթալուդ վրա գրածներս կարդացեր ու բարկացեր ես։ Կանուխ տուն երթամ ի՞նչ ընեմ, կըսես, պեսլեմեները ամեն գործը կը տեսնեն, էրիկս ալ ժամը մեկեն առաջ չգար, անոր ասոր վիզիթայի կ՝երթա։ Ներեցե՛ք, տիկին, այն կնիկը, որ բանով մը չզբաղիր, աղեկ անուն չկրնար վաստկիլ, որովհետև, սիրահարությունը, կըսեն, գործ չունեցողներու գործն է։ էրկանդ հարուստ ըլլալուն համար առտվնե մինչև իրիկուն հայելիին կամ բիանոյին առջևեն քաշվելու չե՞ս, հագվելեն, սգվելեն, քսվելեն զատ ուրիշ գործ չունի՞ս դու, տիկի՛ն, կար կարե՛, սենյակդ շտկե՛, տանդ չորս կողմը աչքե անցո՛ւր, զավակներուդ կրթությանը քիչ մը հոգ տա՛ր. ահավասիկ քեզի գործ։ Իրավ որ քանի կը տեսնամ՝ զքեզ, որ ամեն օր անոր ասոր տունը պարտելով կ՝անցունես, ինչ մեղքս պահեմ, մտքես աղեկ չեմ անցուներ։ Դարձյալ դուն գիտես, ինձմե խրատ տալ, քեզմե մտիկ չընել։

Առ. պարոն Գ. — Ինչ ըսելիքս ես ալ չգիտեմ, իմ խոսքերս միշտ ծուռ կը հասկցվին կոր։ Ես քեզի չըսի, թե կարգվելու չես, աշխարհիս վրա առանց կնիկի ապրելու ես, այլ ըսի, թե դուն տակավին կնիկ մը նայելու կարողություն չունիս։ Ստակ վաստկե ու հավնած աղջիկդ ա՛ռ, քեզի ո՛վ բան կ՝ըսե։ Բայց դուն կնիկ կ՝ուզես, հիմա կուզես եղեր, ատոր ըսելիք չունիմ. իմ հիմակվնե իմաց