Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ետևը կիյնա ստակի զորությամբ անոր սիրտը վաստկելու, անտարակույս եղիր, որ ապուշ է։

— Երբ կը դիտես ճակատը վաթսուն և վեց աշուն տեսած՝ հոտած ու մրոտած ուրվադեմ անմեղ կույս մը, որ դեռ իրեն ինչ տեսակ ճիվաղ ըլլալը չգիտնալով օրը հազար անգամ հայելիեն մխիթարություն կըսպասե և տեսակ տեսակ ձևերով երիտասարդ որսալու կը հանդգնի, ապահով եղիր, որ ուղեղը ճաթած է։

— Երբ կը նշմարես, որ խել մը անձինք հասարակության հետ հարաբերություննին կտրած, ազնվական ձևանալու դիտմամբ ազնվականությունը առաջին կարգի աթոռներեն, նստարաններեն, կառքերեն, եվրոպական ակնոցներեն, շողոքորթ բառերեն կսպասեն, և որք մեկուն մանանախո հատի չափ օգուտ չունենալեն ի զատ աշխարհ իրենց գերին կը կարծեն և վերջապես ընդհանրության ձանձրություն կըլլան, մի տնտնար ըսելու, թե ատոնք առաջին աստիճանի խենթ էակներ են։

— Երբ կը հանդպիս խումբ մը մարդոց, որ կարծես թե արեգակի լույսը չտեսնելու երդվնցած՝ գիշերները մինչև առավոտ, սեղանի մը բոլորտիքը դիզվեր, անդադար թուղթ և այլն խաղեր կը խաղան, հասկցիր, որ թափյալ ուղեղ են։

— Երբ կը տեսնես գինետան մը մեջ, ուր բազմաթիվ մահկանացուք սպանդարամետական ձայներով կոկորդնին կը պատռեն և երանելի կյանքը Բաքոսի տակառներուն մեջ կը փնտրեն, գլուխնին վրանին չէ ըսե ու անցիր։

— Երբ կը լսես երաժշտության ձայն մը, որուն ներդաշնակությամբ զույգ զույգ արք և կանայք իրարու պլլըված հրդեհեն սնտուկ փախցնելու պես իրար մեյ մը ասդին, մեյ մը անդին քաշելով, քաշկռտելով, մշտաշարժ մեքենայի նման կը ցատկեն ու կը ցատկռտեն՝ «տե՜ր Աստված, մտավորական լույս պարգևյա նոցա» ըսե ու փախիր։

— Երբ կը գտնվիս այնպիսի ժողովի մը մեջ, ուր անիշխանություն կը տիրե և ամեն գլխեն մեյ մեկ տարօրինակ հողմ փչելով, ո՛չ խոսողը ըսածը գիտե և ո՛չ լսողը, մի քաշվիր, ամենն ալ պակաս են ըսելու։

—Երբ կը դիմավորես ազնվական մը, որ քու վիճակեդ և իր քովի ընկերներեն ամչնալով տված բարևդ յուր պատվույն կը դպչի, քթին տակեն մինչև անգամ չուզեր առնելու, գիտցիր, որ խեղճը բոլորովին խելքը կորուսեր է։

— Երբ կը ներկայանաս այն տեսակ ուսումնական անձանց.