Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԹԵ ՀԱՐՈՒՍՏ ԸԼԼԱՅԻ

Եթե հարուստ ըլլայի, կաղաչեմ, ըսեք ինձի, գիտե՞ր ինչ կընեի։

Կաղաչեմ, ըսե՛ք ինձի, ի՞նչ կ՝ընեի, եթե հարուստ ըլլայի։

Կատակը մեկդի, ըսե՜ք ինձի, եթե հարուստ ըլլայի ի՞նչ կ՝ընեի։

— Բերայի փողոցները մաքրել կուտայիր։

— Ո՛չ։

— Երկաթյա կամուրջը տեղեն վերցնել կուտայիր։

— Չգիտցաք։

— Անոր ասոր ստակ փոխ տալով ինքզինքդ երեսփոխան ընտրել կուտայիր։

— Ան ալ չէ։

— Թաղական մը կ՝ըլլայիր, անոր ասոր ստակները կուտեիր:

— Ամենևին։

— Շահնազարյան վարժարանը բանալ կուտայիր։

— Մտքես անգամ չեր անցներ։

— Ի՞նչ կրնեիր ուրեմն։

— Ըսե՞մ ձեզի, թե ինչ կ՝ընեի՝ եթե հարուստ ըլլայի, ա՛րդ, եթե հարուստ ըլլայի Անգղիայեն տասնյոթը տասնևութը տարեկան աղքատ աղջիկ մը բերել կուտայի և ինձի սպասուհի կընեի։

Իրիկունները տուն դառնալու պես՝ կը կանչեի զինքը.

«Սպասուհի՜, ո՞ւր ես, վեր չգա՞ս... հո՜ս եկուր, սա պոթիններս քաշե՛, բայց կամացուկ մը քաշե՛, որ լասթիքները չբրդին»։

Սպասուհին կը հնազանդեր և հրամաններս կը կատարեր։

Վերջը իրեն կ՝ըսեի.

«Սա մուշտակս կռնակս դի՜ր, հողաթափներս բեր, նարկիլես լվա՛»։

Սպասուհին կը հնազանդեր, և ես ալ կը տեսնեի, որ բարի Է։

Կերակուրի ժամը կը հնչեր, սպասուհիս նորեն կը կանչեի և կ՝ըսեի.

«Ինչո՞ւ կերակուրները չես բերեր, սպասուհի՜, սպասեմ տակավին»։

Կերակուրները կը բերվեին, կերակուրին ամենեն ընտիր կտորներն իրեն կը հրամցունեի, ան ալ չէր ուզեր և կը քաշվիր, մի քաշվի՜ր, օրիորդ, կ՝ըսեի, ան կը կարմրեր, կարմրելու ի՞նչ կա, կ՝ըսեի, ան կը ժպտեր, ժպտելու ի՞նչ կա, կ՝ըսեի, ան երեսը կը դարձուներ. վերջապես կերակուրը կուտեինք ու սեղանեն կելլայինք։