Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ստորագրյալս պարտավոր է ապրիլ մեկին քսան ոսկի վճարել այս թուղթը ինձի բերողին»։

Այս պոնոն գրելիս ետքը կստորագրեի։

— Կաղաչեմ, ի՞նչ կստորագրեիր։

— «Ի՞նչ կստորագրեի՞ր» ի՞նչ ըսել է։

— Այսինքն ի՞նչ անուն կը դնեիր։

— Գրիգոր, Մարկոս, ի՞նչ կելնե անկից. անունի վրա չէ խնդիրք:

— Շատ աղեկ, շարունակե։

— Ստորագրելես ետքը իմ սրտակից և հավատարիմ գործակիցիս կուտայի պոնոն, աղաչելով, որ դրամ ունեցող դատախազին տանի և կոտրել տա։

— Գործակիցս, որ ինձմե քիչ մավելի սատանա է, պոնոն առնելուն պես շիտակ դատ ուենցողին սենյակը կերթար.

— Բարև, էֆենտի՛։

— Աստծու բարին, էֆենտիս։

— Պոնո մը ունիմ քովս, ստակի ալ պետք ունենալուս՝ ձեզի կոտրել տալու եկա։

— Լավ, բայց ես պոնո կոտրող չեմ, ես սեղանավոր չեմ։

— Այո՛, բայց որու պոնոն ըլալը գիտնաք նե կարծեմ թե սիրով կը կոտրեք։ Ահավասիկ պոնոն, ստորագրությունը կարդացեր։

Մարդը պոնոն կառնե, կը կարդա, և իմանալուն պես, որ ժողովի մը անդամներուն մեկուն կողմեն ղրկված է, խղճմտանքին կը դպչի և պոնոն կը ծալլե և բերողին կուտա ըսելով։

— Այս ստորագրությունը պատվավոր է, իրեն դիմեցե՛ք ստակնիդ առեք։

— Դուք տաւիք նե շատ աղեկ կըլլար։

— Կը ցավիմ, որ չեմ կրնար տալ։

Գործակատարս այս պատասխանին վրա շնչասպառ կը վազեր, զիս կը գտներ և պոնոն ինձի դարձունելով քմծիծաղով մը կըսեր ինձ կամացուկ ըր.

— Առեք, պահեցեք, չբռնվեցավ։

Գործակատարիս բերած այս լուրին վրա որչափ ում ունեի նե կը բարկանայի և կըսեի ինքնիրենս․

— Վաղվան նիստին մեջ կը տեսնես դու, թշվառական, նայե՛, ի՛նչ ձյուն պիտի բերեմ գլխուդ։