Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ՏՈՂ

— Առաջին անգամն չէ, որ պատիվ կունենամ երևալու ասպարեզին վրա — որուն քառասուն անգամ ողջույն և նույնքան հրաժեշտ տված եմ, ուստի ավելորդ կը համարիմ վերստին հայտնել աստ այն ուղղությունն և ընթացքն, որուն հետևած եմ ցարդ և զոր լքանելու զորավոր պատճառ մը չունիմ, որովհետև ողջմտությունն, անկեղծությունն և անաչառ դատաստանն տակավին չեմ գտներ ես այնքան զզվելի և այնքան գարշելի, որքան կը կարծվի խմբագրաց և գրագիտաց ոմանց։

Բնական է, որ այս ընթացքն հաճո չթվի անոնց, որ սորված են շաբաթը մի անգամ մինչև ամպերը բարձրանալ մարդահաճության փուքով, անոնց, որ միտք չունին և կը փափագին, որ հանճար կարծվին, անոնց, որ ամեն խնդրոց մեջ անձնական շահու առաջնորդությամբ կը մտնեն և կը պնդեն, որ անշահասեր կոչվին, անոնց որ փոքր են և մեծ կզգան իրենք զիրենք, և վերջապես ամեն անոնց, որ կը զայրանան, երբ իրենց ոևէ մի գործն յուր իրական արժեքով գնահատվի։ Այս ամենն քաջ գիտեմք, բայց չեմք կարող հինգ դահեկանի դնել ոչ ալ վաճառել այն գործն, որուն արժեքն է մեկ դահեկան։ Հրապարակախոս մը պարտավոր է, ըստ մեզ, յուր կարծյացը հետ այնպես վարվիլ, ինչպես յուր դրամին հետ, այսինքն տնտեսագիտական սկզբանց համաձայն, որպեսզի չսնանկանա բարոյապես։

Ապաքեն Խիկար նվազ ընթերցողներ պիտի ունենա, ըստ որում սակավք զերծ են այն թերություններե, զոր հիշեցինք վերը. և մենք պիտի ստիպվինք մեր սակավաթիվ ընթերցողաց հետ խոսելու բարոյական, գրական զեղծմանց և երբեմն ալ դիտական խնդրոց վրա։

Այս հաշվով կը կարոտիմք ուրեմն ողջմտության և անկեղծության կուսակից ազգայնոց քաջալերության, որով միայն պիտի