Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանամք շարունակել հանդիսիս հրատարակությունն. և անշուշտ կը ներվի մեզ կարծել, թե երգիծական ամսյա հանդես մը պահելու չափ ողջամիտ և անկեղծ ազգայինք կը գտնվին դեռ ազգիս մեջ։


ՆՈՐ ՏԱՐԻ

1884՞ թե 1882

Ազգային լրագիրք օտար թերթերեն քաղելով և թարգմանելով ծանուցին մեզ, թե ոչ ևս է 1883-ը, թե անդունդին մեջ թաղվեցավ նա, թե Ժամանակին հոսանքովն կամ թևերովն կամ անիվներովն կամ առագաստներովն սլացավ գնաց — ըստ որում մեր խմբագիրներն ժամանակն երբեմն թռչուն կը ներկայացնեն երբեմն կառք, երբեմն նավ և երբեմն գետ։ — Յուրաքանչյուր խմբագիր յուր կարողությանն և ճաշակին համաձայն դամբանական մը կարդաց նորա դիակին վրա։ Մին յուր դամբանականով ցավ հայտնեց, թե բավական ժամանակե հետե հեռի էր յուր սիրուհիեն, զոր մահու չափ կը սիրե․ ոմն յուր դամբանականով ցավեցավ, թե յուր բաժանորդներեն ոմանք լրագրույն բաժանորդագինն չէին հատուցած. ուրիշ մը դեռ կը շարունակե 1883-ի կենսագրությունն։

Լրագրաց կողմե տրված ամեն լրոց կույրզկուրայն հավատալու միամտությունն չունենալով անհնար է ինձ հավատք ընծայել 1883-ի մահվան, 1883-ի, որ դեռ ծնած իսկ չէ մեզի համար։

Ես որ սովրած չեմ կուրորեն հնազանդիլ այն սովորությանց. զորս նախապաշարումն կտակած է և որոց վնասակարությունն ակներև կը տեսնվի, նոր տարվույս առթիվ խոնարհացար և անկեղծաբար կառաջարկեմ սիրելի ազգիս, որ ի բաց նետելով օտարաց նմանելու հնավանդ և հոռի սովորությունն, մերժե 1884 թվականն, և տարի մալ ետ երթալով, 1882-ն ընտրե իրեն թվական և զայն գործածե քանի մը տարիներ։ Այո կարծիքն, եթե հիշողությունս չի խաբեր զիո, կարծեմ ուրիշ անգամ ալ հայտնած եմ, և այսօր իրերն կը խրախուսեն զիս այժմ ավելի ույժ տալ այս կարծյացս, գոնե առաջքն առնելու համար այն անպատեհությանց, որ կրնան աղբերանալ ամեն տարվույն սկիզբն առանց բանավոր պատճառի թվական փոխելե։

Ո՞վ չսիրեր նորությունն, ո՞վ չփափագիր նոր հագուստներ հագնիլ, ո՞վ չբաղձար հին տարին թողուլ և նորը դնել, այսուամենայնիվ նոր տարի գործածելու համար հարստություն պետք