Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսած է, խմբագրաց ոմանց։ Տեսե՛ք, Արևելքի անպատասխանատու երեսը — երկրորդը — Կայծոռիկ, Անհաչաղ, Ն. Վ. Թ․ Հրանտ ի՞նչ գեղեցիկ և փայլուն լեզվով իրարու հետ կը խոսին։ Ի՞նչպես կծու ակնարկություններ կ՝ընեն իրարու եվրոպական ոճով. — ես չկրցա եվրոպական ոճով հայհոյել սորվիլ. — Դիտելի է սակայն, թե այդ կծու ակնարկություններն երբեմն կ՝անցնին պատասխանատու երեսին վերջին սյունակն ալ, որ պատասխանատու սյունակ է։ Բայց ո՞վ է մեր մեջ պատասխանատուն, ունի՞նք անանկ մարմին մը, ունեցա՞ծ ենք անցելույն մեջ, ունենա՞նք պիտի ապագային մեջ։ Բերանդ ժողովե՛, ամոթ է։ Մեր մեջ կարելի է ամեն զեղծում գործել, ազգին ամենեն նվիրական իրավունքներն վաճառել և հանուն կրոնի ամենապարզ խնդիր մը կնճռոտել և հետո արդարանալ։ Ահա արդարացուցիչ փաստերը։

— Գիտությամբ չըրավ ա՛։ — Թոշակավոր պաշտոնյա չէր ա՛։ — Անձնվիրաբար աշխատեցան, չվայլեր, որ անոնց սիրտը կոտրենք։ — Ուրիշ ինչ կրնային ընել։

Եթե պատասխանատվություն ըլլար մեր մեջ՝ մեր կրոնական եղբայրներեն ոմանք մեծ սխալ մը չպիտի գործեին կամ պիտի իյնային՝ եթե գործեին։ Վստահ ենք սակայն, թե պիտի իյնա օր մը անոնց շապիկն, որպես ինկավ Խիկար իմաստնույն։ Կը պատմվի թե Խիկար իմաստունն օր մը պատուհանեն փողոցը կիյնա։ Անկումը բարձրեն էր, բնականաբար անոր ձայնն այ բարձր պիտի ըլլար։ Դրացիները փողոց կ՝ելնեն և կը հարցնեն Խիկարի.

— Ի՞նչ ձայն էր աս։

— Շապիկս վար ինկավ։

— Շապիկ մը այնքան ձայն չհաներ։

— Ես ալ մեջն էի, կը պատասխանե Խիկար իմաստունը։

21 մայիս 1888

Մի՛ կարծեք, թե պարապ կը նստինք, ամեն օր, հավատացե՛ք, առավոտե մինչև երեկո կը գործենք... սխալներ, զորս պիտի ուղղենք ապագային, ինչպես այժմ քավելու պարապած ենք անցյալի սխալներն, որք ժամանակին նուրբ դիվանագիտություններ կարծված էին և ծափահարված։ Գիտե՞ք, թե Կրոնական ժողովն ինչու մայրաքաղաքս բերել տվավ Շահպաղլյան արժանապատիվ Հակոբոս վարդապետն, որ լրագրաց մեջ այնքան հալածվեցավ, չարչարվեցավ, թաղվեցավ և հարյավ։ Չեք գիտեր։ Ես ալ չեմ գիտեր