Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոգի կստեղծե մեր մեջ և ինչ որ անհավատալի է, կարծարծե կուսակցական հուրը։

Բազմամյա փորձառությամբս քաջ գիտեմ, թե մեր ազգային իրարու հակառակ կարծիք չեն հայտներ, երբ գտնվին սեղանի մը շուրջն, որու վրա դրված ըլլան համադամ խորտիկներ և ոգելից պատվական ըմպելիքներ։ Կը միաբանին, իբրև եղբայր զիրար կը գգվեն, կը շոյեն, կը համբուրեն տակառին շրջանակին մեջ։ Վերցուր գինին և ահա տարաձայնությունը կը ծնի անմիջապես։ Այս ճշմարտութենեն մեկնելով կրնանք սա եզրի մեջ խարիսխ նետել, թե մենք այն ատեն միայն կը հաճինք մեր մեջ կարծյաց համաձայնություն գոյացնել, երբ ամենքս ալ հավասարապես կշտանանք։ Անոթություն մա՜յր չարյաց...։ Ինքնին կը հասկացվի ուրեմն, թե մեր Ազգային ժողովո մեջ եթե համեղ կերակուրներով բեռնավորված սեղանի մը բոլորտիքը նստեին տիարք երեսփոխանը և կշտանալե հետո բարեհաճին ատենաբանել, ամեն որոշում միաձայն հավանությամբ պիտի տրվեր... ա՜հ, եթե բեմը ելնող ատենաբաններու առջև բաժակ մը ջուր դրվելու տեղ — անկցի՛ ջուրը — բաժակ մը գինի դրվեր, — կեցցե գինին — ո՛չ այսքան կուսակցություններ կը հարուցանեինք, ո՛չ ալ այս կուսակցությունները ջնջելու համար նոր կուսակցոլթյուններ ստեղծելու հարկին մեջ կը գտնվեինք, ո՛չ ալ այս նոր կուսակցությունները մարելու համար զանոնք գինիի տակառին մեջ կը մկրտեինք:

Ի բաց հինեն ատել գինին, ես ալ Նոյ Նահապետին զավակներեն եմ, մանավանդ թե կտոր մ՝ալ Քամ եմ. միայն թե անոր պես հանդուգն չեմ և շատ անգամ գայթակղեցուցիչ տեսարաններու վրա կեղծոռիկ մը կը ձգեմ։ Այո՛, ես ալ կը հարգեմ գինին։ Գինին խնդության խորհրդանշանն է. գինին զվարթության մականունն է. գինին ծիծաղի երեսփոխանն է. գինին հեղուկ հույս մէ և ես, ապրելու համար, պետք ունիմ տակավին խնդության, զվարթության, հուսո և ծիծաղի։ Բացի ասկից, ազգասիրական տեսակետով ալ պարտավոր եմ հարգել գինին, որ մեր ազգին խաղաղության հրեշտակն է, կուսակցությանց միացման գիծն... կաթիլն է։ Աջակցինք ուրեմն իրեն, որ միշտ զորավոր մնա. և որպեսզի միշտ ուժով ըլլա, կ՝աղաչեմ զձեզ, պատվական եղբարք իմ, մեր խաղաղության հրեշտակին մեջ ջուր չխառնենք, որպես կը խառնենք մեր զգացմանց մեջ։ Գինիին հիշատակն անջինջ պահենք մեր ստամոքսին մեջ և երբ ազգային կուսակցությունք երեվան