Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յակապ քար ու կիր շենքեր, այն ամեն ճոխություններն, զոր գողությունն կընձեռե մեզ։ Տղայոց դյուրըմբռնելի լեզվով կենսագրությունն ընել այն անձանց, որ գողության շնորհիվ ոսկիներ ամբարած են և այսօր ամեն կողմե հարգ ու պատիվ, խունկ և հալվե կընդունին և դափնյաց անտառներով կը պսակվին։ Փարատել աշակերտաց այն վնասակար նախապաշարումն, թե գողությունն մեղք է և անջնջելի կերպով դրոշմել անոնց ուղեղին մեջ, կամ, եթե ավելի դյուրին է, սրտին մեջ՝ թե գողությունն առաքինություն է և թե գողությունն իբրև մոլություն քարոզողներն այն անպիտան անճարակներն են, որ գողնալու կարողություն չունին։ Մանրապատում նկարագրել աշակերտաց հանդերձյալ կենաց երջանկություններն, զորս հարուստ գողերու կր խոստանան կրոնավորներն, համոզել զանոնք, ըսելով՝ թե նույնիսկ արքայություն երթալու համար քիչ մը գողություն անհրաժեշտ պետք է։ Գողություն չընողներուն խեղճ ու կրակ վիճակը սրտաճմլիկ ոճով նկարագրել աշակերտաց և պատվիրել անոնց, որ ընդարձակեն այդ նյութը։ Տեսականեն գործնականին անցնիլ, անոթի պահել աշակերտներն այնքան ժամանակ, մինչև որ ստիպվին իրենց դասատուին գրպանեն ստակ գողնալ — եթե գտնե, անոթի մնալով հանդերձ գողության անընդունակ աշակերտն նախ խրատել, հետո գանակոծել և ապա դպրոցեն վռնտել իբրև վնասակար աշակերտաց բարոյականին։ Իսկ գողցող աշակերտն նախ պատվանիշով վարձատրել, հետո ստակով և ապա թաղին քարոզիչին ներկայացնել իբրև հառաջադեմ աշակերտ, վարժարանին և ազգին ապագա կարևոր ազգասեր և մեծապատիվ անդամներեն մին։


Երկրորդ տարի

ՍՏԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ

Շատ մանկավարժներ սա համոզումն ունին, թե աշակերտ մը, դպրոցական շրջանն ավարտելե հետո, առևտրական ասպարեզին մեջ ալ կրնա գործնական կերպով սովրիլ այս գիտությունն, և թե ստախոսության դասախոսությունն լոկ ժամավաճառություն է։ Այս համոզումն փորձառության վրա հիմնված չէ։ Ըստ մեզ, աշակերտը դպրոցական կենաց մեջ պատրաստվելու են առևտրական ասպարեզին, որպեսզի, երբ դպրոցեն ելնեն, իրենք զիրենք տարբեր աշխարհի մեջ փոխադրված չկարծեն։ Գործնականն այս դասախոսության մեջ ալ անհրաժեշտ է։ Դասատուին պարտքն է