Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Գլուխս կտրեն իսկ՝ շողոքորթություն չեմ ըներ։

«Մեռնելիքս գիտենամ իսկ՝ գողություն չեմ ըներ»։

Մեր պատասխանն է այս երիտասարդաց.

«Այդ պատճառավ է, որ ձեր բերանն անոթութենե կը հոտի»։

Եթե կուզենք այս վաղանցուկ կյանքին մեջ քիչ մը հանգիստ ապրիլ, անպատճառ սորվելու ենք այն գիտությունները, զորս վեց տարվան բաժնեցինք վերը․ իսկ եթե դիտություններեն մեզի ստակ վաստկցնելու նպատակ ունեցող ուսումներ չենք նկատեր՝ այն ատեն մեր ծրագիրն յուր բոլոր ույժն կը կորսնցնե և ամեն մարդ ազատ է յուր սիրած գիտությունն սորվիլ։

Մեր խոնարհ կարծյաց համեմատ յուրաքանչյուրին համար այն գիտությունն առաջնություն ունի, որով յուր օրական պարենն հայթայթելու կարող կը լինի, և այսօրվան օրս գրեթե բոլոր մեծ մարդիկ պզտիկ բացառությամբ մեր դրած սույն ծրագրին ընթացքին հետևած են և կը հետևին ցարդ, թեպետ և կը քաշվին խոստովանելու, թեպետ և անոնց խոստովանության պետք չկա.

Չպիտի լան այն մայրերը, որ մեր ծրաղրին համաձայն պիտի մարզեն իրենց տղայոց միտքն օրորոցեն սկսելով։


ԿԵՏ ՄՈՐ ՋՂԵՐՈԻՍ ԴՊԱԾ Է

Մեր մեջ երբ մեկն թերթի մը հրատարակության ձեռնարկե՝ կսկսի անմիջապես նամակներ ընդունել այլ և այլ ընկերությանց կողմեն, որք խմբագրին ծանուցյալ ազգասիրությունն դրվատելով կը խնդրեն իրմե, որ բարեհաճի այս ինչ ընկերության կամ այն ինչ վարժարանին և կամ թանգարանին նվիրել օրինակ մյուր թերթեն։

Նույնպես երբ ազգային մը մասնավոր վարժարան մը հիմնե՝ յուր գրասեղանին վրա նամակներ կը թափվին, որ կաղաչեն ազգասեր տեսուչն և տնօրենն, որ բարեհաճի այս ինչին տղան ձրի սնուցանել, հագվեցնել, կրթել, մաքուր անկողնու մը մեջ պառկեցնել, վրան ծածկել և հսկել, որ գիշերը չբացվի և պաղ չառնեմ Նամակագիրք իրենց առաջարկությունն խմբագրին կամ գիշերօթիկ վարժարանի մը հիմնադրին առաջադրած նպատակին համաձայն կը գտնեն միշտ, այնպես որ եթե իրենց առաջարկությունն մերժվի՝ խմբագիրն կամ վարժարանի տնօրենն յուր քարոզուց սկզբանց իբր հակառակ վարվող կերևի անոնց աչաց։

Կը զարմանամ թե այս նամակագրերն ինչո՜ւ չեն դիմեր