Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երթալով խահվեի, շաքարի վաճառականությամբ պիտի զբաղին։ Աստված կազի հիվանդութենե պահե զմեզ։

Մյուս կողմեն մասնագիտությունն այնքան հառաջ երթալու վրա է, որ հիվանդ մյուը ախտը դարմանելու համար քանի մը բժիշկներու դիմելու պետք պիտի ունենա։ Օրինակի համար, ակռաս կը ցավի, նույն պահուն ականջս ալ կը ցավի, գլուխս ալ, քիթս ալ, լինտերս ալ։ Ակռայիս բժիշկը ակռաներս միայն կը քննե, դեղագիր մը կուտա և կը խրատե զիս, որ ականջիս համար այս ինչ երևելի և մասնագետ ականջաբույժին դիմեմ։ Կը հնազանդիմ, սա ալ ականջիս համար արժան զատած տեղը տալեն ետքը կը պատվիրե ինձ, որ գլխուս համար դիմեմ այս ինչ հանրածանոթ բժիշկին, որ մեկ հատիկ է գլխու ցավի մասին․.. կերթամ, սա ալ գլուխս կը քննե, և քթիս ի դարման կը ղրկե զիս քթաբույժի մոր քթիս վրա յուր մասնագիտությունն գործադրելե ետքը կը հանձնարարե զիս լինտերս ցուցնել այնինչ մասնագետին։ Եթե ասանկ թեթև անհանգստության մը համար հինգ մասնագետի կարոտի ոք, երևակայեցեք թե քանի՞ բյուրավորներու պետք պիտի ունենանք, եթե ծանր հիվանդության մը ենթարկվինք, և ասանկ պարագայի մը մեջ ամենեն կարճ ճամբան մեր մարմինն բժշկաց հանձնելու է և մեկդի քաշվելու է։

Այս օրերս հոնքի բժիշկ մալ երեվան ելեր է կըսեն, որ հոնքի հիվանդություններ կը դարմանե եղեր։ Այս լուրն առնելուս պես՝ ես իսկ հոնքերուս վրա անհանգստություն մը զգալ սկսա, որովհետև այս բժշկաց ծանուցմանց եղանակն մարդս երևակայական հիվանդ կընե։ Ահա այս ծանուցումներեն օրինակ մը։

«Ցավալի է, որ հոնքի հիվանդության քիչ կարևորություն կը տրվի։ Այս հիվանգությունն նախ կսկսի ստամոքսի վրա աննշան խլրտումներով, հիվանդն կը կարծե, թե շնչառությունն թեթև կերպով կորուսած կյուր կանոնավորությունը։ Հետո կսկսի ճակտին վրա թեթև ցավ մը զգալ հիվանդն, որ գիշերներն շատ երազ կը տեսնե երբեմն, կերածն չկրնար մարսել, որովայնապնդություն հառաջ կուգա երբեմն — այս երբեմնները մարդուս միտքը կը պղտորեն — հիվանդին գլուխը կը դառնա երբեմն, կամ փորին մեջ թեթև ցավ կ՛զգա երբեմն, իրիկուններն երբեմն տաքություն, երբեմն պաղություն կուգա մարմնույն վրա. և այս ամենն կը ծագին հոնքի հիվանդութենեն, որ կրնա, եթե ժամանակին բժիշկ չկանչվի, վնասակար և ցավալի հետևանքներ ունենալ»։

Ցույց տվեք ինձ հիմա այն անձն, որ այս ծանուցումն կարդալե ետքը հոնքի հիվանդություն չունենա։