Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդիմանեցի և լռեցուցի զինքը. որովհետև, ընթերցող, բարոյախոս մեմ և բարոյախոս մալ ստիպված է թատրոնը ծուռ մեկնողներուն բերանը կարկել։

Եվ սակայն, ով որ Ժիրոֆլե Ժիրոֆլային անգամ մը ներկա գտնվի, անպատճառ պիտի պոռա. «Ի՜նչ վայելչություն զգեստներու, ի՜նչ անուշություն եղանակներու»։ Այս խաղին մեջ դերձակությունը բանաստեղծության հետ կը մրցի և հաղթությունն անորոշ կը մնա... երկուքն ալ դյութիչ, երկուքն ալ գրավիչ, այնպես որ եթե գովեստը դերձակեն սկսիմ՝ կը Քոքին սիրտը պիտի վիրավորվի և ես ալ չեմ ընդունիր. եթե Լը Քոքեն սկսիմ՝ դերձակը պիտի վշտանա, և աս երբեք չեմ ընդունիր. ուստի երկուքին ալ սիրտը չվիրավորելու համար թողունք զիրենք ու դերասաններեն սկսինք։

Օրիորդ Վիրգինիա Գարագաշյան, որ Ժիրոֆլեի ու Ժիրոֆլայի մասն ուներ, յուր սիրուն դեմքովն ու գրավիչ ձարովն յուր դերն այնքան հաջողակությամբ կատարեց, որքան հաջողակությամբ կատարեց Օրեսթն ու Անկոյին աղջիկը²։ Պարոն Ֆասուլլաճյան, հայր Ժիրոֆլեի ու Ժիրոֆլայի, որ ստանձնած անձին ճշգրիտ նկարագիրն յուր վրա ցցունելու մասին հաջողակ է, անթերի կերպով ներկայացուց Պալերոն. Պարոն Պենկլյանի օբերա պուֆերու մեջ, նախ՝ Ակամեմնոնի, երկրորդ՝ լա Րիվոտիերի և հիմա Մերզուգի դերերն, որք նկարագրական մասին գլխովին հակառակ են իրարու, հաջողությամբ կատարած ըլլալն կապացուցանե, թե երաժշտական ներկայացումներուն մեջ մասնավոր տեղ մը դրաված է։ Պարոն Գույումճյան, որ այս տարի մտած է այս խումբին մեջ, երգելու մասին ունեցած հարմարությամբը նույնպես հաջողեցավ Մառասքենի երգերուն մեջ։ Օրիորդ Աստղիկ, մայր Ժիրոֆլեի ու Ժիրոֆլայի, որ Լա Պել էլենի մեջ Բարիսի մասով փայլեցավ, Օռոռն յուր անձին վրա ամբողջ մարմնավորեց։ Օրիորդ Երանուհի Գարագաշյան այս անգամ աննշան մաս մը առած ըլլալուն կերևի որ վարչությունն նույն աննշան մասը նշանավոր ընելու համար իրեն հանձնած էր. և օրիորդ Ե. Գարագաշյան վարչության հույսն ի դերև չհանեց։ Նույնպես օրիորդ Զապել անթերի կերպով կատարեց Բաքիթայի դերը։ Բուզենները ներկայացնող չորս դերասանուհիները, նամանավանդ անոնց պարագլուխն օրիորդ Սիրանույշ, որ յուր սրինգային ձայնովն քիչ ժամանակեն խումբին մեջ ավելի բարձր տեղ մը պիտի բռնե, ճարտարությամբ խաղացին իրենց դերը։ Մասնավորապես շնորհակալյաց և ծափահարությանց արժանի է ծովահեններու խմբակը, որ անկարծելի հաջողակությամբ ներկայացուց յուր դերն ու երգեց յուր խմբերգը։