Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ազգային իրավանց պաշտպանությանը դեմ իբրև հարված մը նկատելու են այդ քանի մանձանց ճիգերն և զանոնք ի դերև հանելու աշխատելու են ամեն զոհողության հանձնառու լինելով։ Երբ քանի մը չարամիտ անձինք, անձնական շահերե առաջնորդված՝ կը միանան դպրոց մը տապալելու՝ ժողովականը նույն ատելությամբ վարվելու են այն անձանց դեմ, որով պիտի վարվեին երբ տեսնեին, թե քանի մը չարագործներ միացած էին անոնց զավակներն ապագային մեջ խեղճ, տգետ, տնանկ ու մուրացկան ընելու։ Երբ տնտեսական խորհուրդն տապալել կուզվի առանց պատճառի՝ ժողովականք խնդիրն այն տեսակետով դիտելու են, որով պիտի դիտեին, երբ քանի մը գողեր իրենց դրամարկղը գողնալ փորձեին։ Մեր մեջ երբ վարժարան մը փակվի կամ փակվելու վիճակին հասնի, կարծես գոհ կըլլան ժողովներն, և մանավանդ անոնք, որ կրթության համար դրամ տալու սովորություն չունին։ Երբ ժողովներն ցրվին՝ ուրախությունն ընդհանուր է, և այն ատեն ամեն մարդ կսկսի յուր կարծիքներն սրճարաններու մեջ հայտնել և մինչև իսկ ըսել, թե «Ազգին գործերն ավելի աղեկ կը կառավարվին առանց ժողովներու»։ Երբ առաջնորդ մը հրաժարի, ամենքը կուրախանան, թե ազգային սնտուկն մեծ խնայողություն կընե առաջնորդական թոշակ չվճարելով, և թե ժողովուրդն հանդարտ է և առաջնորդի կռիվ չունի։ Եթե իրաց սույն վիճակն շարունակե մանավանդ գավառաց մեջ, քիչատենեն պիտի տեսնվի, եթե արդեն տեսնվիլ չէ սկսած, թե հայ ժողովուրդն իրեն շուրջր գտնվող հասարակությանց քով ստորին դիրք մը բռնել սկսած է։

Արդ, ժամ է այս դիտողությանց ճշմարտությունն ըմբռնելու և ըստ այնմ գործելու։ Ժողովականք օրական առնող գործավորի մը պես աշխատելու չեն, այլ, ինչպես ըսինք, իբրև իրենց անձնական գործ նկատելու են այն խնդիրներն, որոնց լուծումն պիտի տան. ամեն ճիգ թափելու են, որ անձնական կիրք և անձնական շահ կոչված և ազգին տունը քանդող այս հրեշներն մուտ չգտնեն մեր ազգային գործոց շրջանակին մեջ։


ԿՏՈՐ ՄԸ ՄԱՐԳԱՐԵՈԻԹՅՈԻՆ

Եվ արդ, այսպես կըսե Խիկար առ Կրոնական ժողովն, որ հակակրոնական հրատարակությանց հեղինակներն հալածելու պաշտոնն ունի.

Օ՜, Կրոնական Ժողով, Արշալույսն և Արևելյան Մամուլն միայն ծաղկելու նախանձախնդիր կը թվիս և աչերդ կը փակես և ականջներդ