Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեռի հինեն այն գաղափարն, թե աններդաշնակ ձայներ լսվին եկեղեցյաց մեջ, այլ ոչ հեռի հինեն այն կարծիքն, թե գեղեցիկ ձայներու վրա միայն հիմնվի ժողովրդյան զգացումն, խիղճն ու հավատքը.

Օ՜, Կրոնական ժողով, ինչո՞ւ պաշտոնական ծանուցմամբ չես արգիլեր մեր տիկնանց և օրիորդաց, որ Աստուծո տան մեջ քիչ մը հեռու կայնին էրիկ մարդերե. ինչո՞ւ չես ապսպրեր նոցա, որ պարզ, մաքուր զգեստներով երթան եկեղեցին, ինչո՞ւ չես հանդիմաներ անոնց հագուստներն, որ աղոթից տան մեջ հագվելու զգեստներ չեն։ Ա՜հ, Կրոնական ժողով, տեսա երիտասարդներ, որ աղջկանց հետ նշանացի կը հարցնեին միմյանց եկեղեցվո մեջ, թե ո՞ւր գտնեն զիրար հետ ավարտման եկեղեցվո և ո՞ւր երթան առավոտյան պտույտ մընելու համար։ Ո՜վ աղոթից տուներ.․․ Ո՜վ պահապանը այս տուներու, է՞ր կը ննջեք, և է՞ր կը զարթնուք միայն Արշալույսին և Արևելյան Մամլո էջերն կրկտելու համար։

Եթե իրաց այս վիճակն շարունակե՝ բարեպաշտ ժողովուրդն ևս առավիլ պիտի գայթակղի։

Աղոթից տունն երիտասարդաց և օրիորդաց ժամադրության տեղի պիտի դառնա։

Աստուծո տան բեմն հռետորության դասարան պիտի լինի։

Տաճարն առևտուրի շուկա պիտի դառնա, և դարձած իսկ է արդեն։

Կրոնական ժողո՛վ, փութա՛ խարազան մը շինելու և Աստուծո տունեն հալածական վանելու աղավնեվաճառներն և լումայափոխներն, վռնտե նաև հոն սիրահարություն ընողներն, որոնց մեջ կրոնական եղբայրներ ալ չեն պակսիր։

Հոգեշահ քարոզներով շահե՛ բարեպաշտ ժողովրդյան սիրտն, ամրացուր անոր հավատքն, մանավանդ գեղեցիկ սեռին հավատքն, որ ծանրագին կերպասներու, ադամանդներու և գլխարկներու մեջ կորսվելու վիճակին հասած է։

Սորվեցուր և ցուցո՜ւր անոնց, թե եկեղեցվո մեջ սիրտն ու միտքն միայն և մի միայն երկնի և երկրի արարչին հետ խոսելու են, և բնավ զբաղվելու չեն այս ինչ երիտասարդով կամ այն ինչ օրիորդով, կամ այսինչին ժամացույցով, կամ այն ինչին քորսեով։

Հանդիմանե՛ այն հարուստներն, որ Աստուծո առջև իսկ չեն ուզեր հավասարիլ աղքատաց, կը բաժնվին անոնցմե և աթոռներու վրա նստելով անտարբեր աչոք դիտելու կը հաճին աղքատներն, որ ցուրտ քարերու վրա բոկոտն կը կայնին ցավարտ եկեղեցվո։