Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աշխատելու ենք, որ վերստին կենդանանա։

— Այս ազգը խաբվիլ կուզե, խաբվիլ կը սիրե։ Մեր մեջ երեսփոխաններ կան, որ ամեն խնդրոց մեջ շահ կը փնտրեն իրենց համար, և ժողովուրդն այդ երեսփոխանները կը սիրե։ Ճաթելու բան է աս, չհայհոյելը կարելի չէ։ Երեսփոխան մը գիտեմ, որ երկու օխա միսի համար կարծիք կը փոխե։

— Դուն երեք օխա տուր։

— Երեսփոխան մալ կար, որ հագուստ չուներ հագնելու, այդ կուսակցության հարեցավ և հիմա իզմե աղեկ կը հազվի. ասանկ անոթի և մերկ երեսփոխաններուն հետ կարելի՞ է գործելր։

— Կուսակցություն մը կազմե՛ անոնցմե, որ բանթալոնի մը համար ազգը ծախեն։

— Այս կարգի երեսփոխաններն ժողով մտնելնուն պես անոր ասոր երեսը կը նային, որպեսզի կարծիք ծախու առնող հարուստ երեսփոխան մը գտնեն։ Ասոնք բնավ չեն սերտեր ոևէ խնդիր, իրենց կարծիքր ծախելնուն պես կսկսին զքեզ ընդմիջել և պոռալ․ «..․ին համակարծիք եմ... ին ըսածը կը կրկնեմ... ին առաջարկությունն կընդունիմ... քվե՛, քվե՛, քվե՛... քվեի դրեք... ժամանակը անցավ (որովհետև հաց կերած չէ դեռ)։ Քվե՛, քվե՛, քվե՛... ատենապետ էֆենտի... ին բանաձևն շատ աղեկ է... ամեն կարծիքները կը հաշտեցնե...» դիմանալու բան չէ աս, ասանկ ժողով չըլլար։

— Աղե՛կ, ժողովրդյան ճանչցնելու է յուր ընտրած երեսփոխանները։

— Ո՞ր մեկը ճանչցնես։

Մեկիկ մեկիկ ճանչցուր այդ անոթիները։

— Անոթիներն ալ տեղերնին նստին, կուշտերն ալ։ Ազգին շահը խորհող չկա այս ազգին մեջ, և իմ կարծիքս այն է, թե հայհոյությունը միայն կրնա ցնցել այս ժողովուրդը։

— Ես համամիտ չեմ ձեզի հետ. հայհոյությամբ ժողովուրդը համոզել և ուղղել անկարելի է։


ԱՅԳԻՆԵՐՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՔ

Եվ որովհետև քանի մը տարիներե հետե ազգային վարժարանաց հարցաքննությանց հանդեսներն հունձքերու կը նմանցնեն ազգային հոդվածագիրներն, պատշաճ դատեցինք և մենք այգեկութքը հարցաքննությանց նմանցնել։