Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ա՜հ, եքե Մելքիսեդեկ արքեպիսկոպոսն Կաթողիկոս ընտրվեր, Ռուսիո ազգային վարժարաններն վերստին պիտի բացվեին ըստ առաջնույն, ազգային զգացումն վառ պիտի մնար միշտ Ռուսահայոց սրտին մեջ, ազգային ողբերգություններ պիտի ներկայացվեին թատրոններու մեջ և Ռուսիո հայոց համար նոր դարագլուխ մը պիտի բացվեր, Մելքիսեդիկ արքեպիսկոպոս պիտի պնդեր Ռուսիո կառավարության քով և պիտի փրկեր էջմիածնա իրավունքները, մինչդեռ Մակար կաթողիկոսն անհոգ և անփույթ, ազգային իրավունքներն առաթուր կը կոխե և ամեն ինչ կը զոհե յուր փառասիրության»։

Կարծեք թե հակամելքիսեդեկյանք լո՞ւռ պիտի մնային, եթե Մելքիսեդեկ արքեպիսկոպոսին ընտրությունն հաջողություն գտներ։

Բնավ երբեք։

Անոնք ալ պիտի սկսեին իրենց երեմիական ողբերն.

«Ահա լցավ մեր խոսքը, Եթե ազգայիններն ժամանակին մեր խոսքը մտիկ ընեին՝ այսօր դժբախտություն պիտի չունենային լալու այն իրավանց վրա, զորս էջմիածին կը կորուսնե ամեն օր։ Ազգային վարժարաններն չբացվեցան, ազգայնության ոգին օր ըստ օրե նվազելու վրա է Ռուսահայոց մեջ, ազգը սխալ քայլ առավ և այս քայլն ալ քիչ մը մեծկակ առավ վեհափառ ձարին սիրելի կաթողիկոս մը չընտրելով, եթե Ռուսիո կայսեր սիրելի կաթողիկոս ընտրեինք՝ այս կաթողիկոսն աղաչելով, պաղատելով կը հաջողեր կորուսած իրավունքները վերստին ձեռք բերել, էջմիածնա աթոռն յուր վաղեմի փառաց մեջ դնել, ազգային գրականությունն ծաղկեցնել և միով բանիվ նախանձելի վիճակ մը տալ Ռուսահայոց։

Մեզի հակառակ կուսակցությունն ծախեց ազգին դարավոր իրավունքներն ի ձեռն Մելքիսեդեկ արքեպիսկոպոսին, որ հրաժարվելու էր կաթողիկոսութենեն, գիտնալով, թե չեր կրնար յուր կաթողիկոսությունն ազգին օգտակար ըլլալ, բայց փառասիրությունն ինչպես ամեն մարդերը, նույնպես ալ Մելքիսեդեկ արքեպիսկոպոսն խաբեց և մոռցուց անոր ազգին կենսական շահերն և այլն, և այլն»։

Ուշիմ ընթերցողն, որ աղեկ խորհելու և իրերն ու մարգերն քաջ իմաստասիրելու կարողություն ունի, գիտե արդեն սուրբ էջմիածնա աթոռին վիճակն և համոզված է, թե անոր վրա բազմողն չկրնար ընել ինչ որ կուզե, այլ կընե ինչ որ չուզեր։ Ուշիմ ընթերցողն ուրեմն քրքիջ միայն կարձակե այդ ողբերուն վրա, զորս