Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնավ չընդունիր իբրև հայրենասիրության արձագանք։ Ուշիմ և բուն ազգասերն, անկեղծ ազգասերն այդ աթոռին անկախ և ազատ երկիր մը փոխադրության մեջ կը տեսնե մեր եկեզեցվո իրավանց պահպանությունը, առանց ամենափոքր կարևորություն տալու եթեներու:

Բայց շարունակենք եթեները:

Ուրիշ թերթ մը կառաջարկե, որ քահանայք Թուրքերեն և Տյուսթուր ուսանին, որպեսզի օրենք չգիտցող ազգայնոց առաջնորդեն։ Ադե՜կ, բժշկություն ալ ուսանին թող, որովհետև առողջապահություն չգիտցողներն կանխահաս մահվամբ կը մեռնին։ Եթե ժամանակ ունենան քիչ մալ մարմնամարզություն սորվին։ Խնդիրք հոս չէ։ Դերձակութենե, երաժշտութենե քահանայացած մարդ մը հիսունեն վերջը կրնա՞ Տյուսթուր սորվիլ։ Խնդիրք հոս ալ չէ: Այն քահանայք, որ քիչ շատ ուսում առած են և իրենց լեզուն գիտեն, կրնան անշուշտ թուրքերեն և Տյուսթյուր սորվիլ, բայց անոնց պաշտոնը ժողովրդյան փաստաբանության դասախոսությո՞ւն ընել է։ Խնդիրք հոն ալ չէ, այլ հոս է, որ այդ թերթն ալ, տեսնելով որ յուր առաջարկությունն չընդունվիր, պիտի սկսի քանի մօրեն պոռալ.

Եթե մեր առաջարկությունն ընդունված ըլլար և քահանաները թուրքերեն և Տյուսթուր ուսած ըլլային՝ մեր գավառացի եղբայրներն այսօր գոհացուցիչ վիճակի մեջ տեսնելու բախտը պիտի ունենայինք. այս ինչ գյուղին մեջ ազգային մը յուր դատն կորսնցուցեր է. եթե գյուղին քահանան քիչ մը թուրքերեն և Տյուսթուր գիտնար, տարակույս չկա, թե խեղճ գյուղացին պիտի վաստկեր դատը։ Այս ինչ քաղաքին մեջ կնկան մեկը կացինի հարվածով յուր էրիկը սպաններ է. եթե այդ կինն յուր տան քահանայեն քիչ մը Տյուսթուր ուսած ըլլար՝ բնականաբար չպիտի գործեր այդ սոսկալի սպաննությունը։ Ա՜հ, մեր ազգին թշվառությունը մի միայն քահանայից Տյուսթուր չգիտնալեն հառաջ եկած է, քանի անգամներ պոռացինք, մեր ձայնը լսելի չեղավ. եթե մեր առաջարկությունն ընդունվեր՝ այս չարիքն պիտի չբանային, այս ինչ քաղաքին մեջ հրդեհ մեղեր է, և ամբողջ քադաքն մոխիր դարձեր է. հայե՜ր, հայե՜ր, գիտէ՞ք այս հրդեհին պատճառն ի՞նչ է, քահանայից Տյուսթուր և թուրքերեն չգիտնալն է»։

Շարունակենք.

Թերթին մեկն ալ վիճակահանության ծանուցման մը համար հինգ ոսկի առած ըլլալով՝ ամեն օր կաղաչե մեզի, որ այդ վիճակահանության