Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և քրիստոնեից մեջ խտրություն դներ և ըսած ըլլար, հարստահարեցեք քրիստոնյաներն ու խնայեցե՜ք մահմետականներն։

Ի՞նչ օգուտ կընե ամեն օր թաքրիր գրել, երբ դուք ձեր վիճակն բարվոքելու միջոցները չեք գործադրեր, երբ ձեր խնդիրքն բարեխնամ կառավարության ուշադրությանը ներկայացնելու կը դանդաղիք ու միաին կուլաք և եթե տեղական բարեխնամ կառավարությունն անտարբեր է ձեր խնդրանաց՝ անոր դեմ չեք բողոքեր։

Ձեր հառաչանքներեն այնպես կը հասկցվի, որ կուսակալը Մշո Հայոց ոտքերն ու ձեռքերը կապել տված է ու քյուրտերուն ալ հրաման տված է, որ ասոնց արտերն, այգիներն, դպրոցներն ու եկեղեցիներն այրեցե՛ք, ավերեցե՛ք, քանդեցե՛ք, կործանեցե՛ք։ Եթե այսպես է, բացահայտ ըսե՛ք, իսկ եթե չէ՝ խոստովանեցե՛ք, որ քյուրտերը եկեղեցին կողոպտած ատեննին մենք կը քնանայինք, թե քյուրտերն ոչխարնիս տարած ատեննին մենք կը հորանջեինք, թե մեր ընտանյաց պատիվն բռնաբարած ատեննին մենք ասդին տամա կը խաղայինք, ի՞նչ ընե բարեխնամ կառավարությունը, ձեր տուները մեյ մեկ զապթիե՞ դնե, որ զձեզ քյուրտերուն դեմ պաշտպանեն։

Հարստահարություններե խալսելու համար մահմետականության պիտի դիմեն եղեր... ինչ քաջություն... ոչ, հաստաբազուկ հայկազունքդ։

Ընդհանուր ժողովն այս լուրերը կարդալով, ի՞նչ կըսե արդյոք։

Ի՞նչ պիտի ըսե, հարցումներու և հարցապնդումներու խնդիրներուն վերջանալուն կսպասե, որ Վարչության կազմությունը որոշվի և Մուշ հրահանգ ղրկվի իրենց Վարչությունն ընտրելու համար։ Խեղճերն անդին կը հարստահարվին, կը հալածվին, մենք ասկից սահմանադրական հրահանգ կը ղրկենք անրձնց...


ՀԱՐՈՒՍՏ ԸԼԼԱԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Օդը ցրտեց, բարեկա՛մ, դուքսը կայնելու չգար, մտնանք շինության մեջ և հարուստ ըլլալու միջոցներուն վրայոք խոսքերնիս շարունակենք։

— Մտնա՜նք, բայց կանգունի՞ն։

— Ինչո՞ւ պիտի չընդունին, շինության վերատեսուչը մինչև