Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարձու վարդապետ մը. որ պատրաստ է հանգուցյալի մը չունեցած բարեմասնությունները մինչև երկինք տանելու։

Վարձու նամակագիր մը, որ պատրաստ է առաջնորդ գովելու։

Վարձու աչքեր ականջներ, բերաններ ու խիղճեր շատ ու միշտ պատրաստ կը գտնվին։


ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ «ԽԻԿԱՐԻ»

Ներկա թերթով Խիկար յուր չորրոդ շրջանը թևակոխելու պատիվ ունի։

Ընթերցասեր ազգայիններեն շատեր այս առթիվ փափագ հայտնեցին մեզ հոբելյան կատարել ի պատիվ Խիկարին և եռամյակն տոնել անոր, որ հաջողեցավ անխափան շարունակել երեք տարիներ, որ ըսել է 3/100 դար. սակայն մենք՝ որ իբնե չենք ախորժիր ցույցերե՝ ստիպվեցանք չընդունիլ մեր բարեկամաց առաջարկությունն և աղաչեցինք իրենց չմերժել մեր ամենախորին շնորհակալությունն այն քաջալերութեան համար, որո շնորհիվ Խիկար կրցավ անընդհատ հրատարակվիլ երեք տարիներ։

Ոգեվորյալ ընթերցասեր ազգայնոց կողմե ցույց տրված քաջալերութենե՝ Խիկար կը հուսա յուր ընթերցողներն ևս առավել գոհացնել այս նոր շրջանին մեջ, ավելի հոգ և խնամ տանելով նյութոց ընտրության, մանավանդ ավելի ընդարձակելով ընտանեկան մասն։

Թեև դիտավորություն ունեինք, որպես խոստացած էինք, նոր շրջանիս առթիվ հանդիսիս հրատարակությանը մեջ ինչ ինչ փոփոխություններ մուծանել—թերթը հնգետասանօրյայի վերածել, ազգային կատակերգությանց հրատարակությունն շարունակել— սակայն ինչ ինչ նկատումներ հարկադրեցին զմեզ առայժմ պահել արդի վիճակն և մասնավոր տետրակով հրատարակել Պռոււյգն, զոր խոստացած էինք։

Նոր շրջանիս առթիվ կը փութանք մեր երախտագիտությունն հայտնել հանդեսիս մեծ գործակալաց, որ անձնվիրաբար աշխատեցան թերթիս տարածման համար, մասնավորապես մեծապատիվ Նշան էֆենտի Պերպերյանին՝ որ Պոլսեն մեր տարակայությանը միջոցին ստանձնեց թերթիս գործակալությունն, զոր այսօր վերստին մեզ կը դարձնե։ Ուստի, երրորդ շրջանեն Խիկարի հետ հաշիվ ունեցողներն պարտին դիմել առ Նշան էֆենտի Պերպերյան, իսկ չորրորդ շրջանի համար բաժանորդագրվիլ փափագողք դիմելու են մեզ Կ. Պոլիս, Մեհմետ փաշա խան, թիվ 18 գրասենյակը։