Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տողերով բացատրված է, թե ինչպես նյութական սնանկությունը մղում է գողության, մտավոր սնանկությունը՝ բանագողության և՛ «Այսօրվան որս լրագրական հրապարակին գողերն ավելի բազմաթիվ են մյուս գողերեն և եթե զանոնք ձերբակալել հարկ ըլլա՝ լրագրական ասպարեզին վրա հազիվ մեկ երկու խմբագիր կը մնա» (տե՛ս էջ 107)։

Անցնելով բուն խնդրին, անմիջապես հանդես է գալիս «Մեղուի» և «Թատրոնի» շահագրգռված խմբագիրը, երբ գրում է՝

«... Եթե մեզի հարցվեր, թե ո՞վ է այն թերթն, որ գողցնել կուտա միշտ, ամենայն խոնարհությամբ պիտի ըսեինք, թե մի քանի տարի առաջ Մեղուն էր, իսկ հիմա Թատրոն, որոնցմե գողացած են ո՛չ միայն ազգային զավեշտական թերթերն, այլ նաև ի փառս հայ երգիծաբանության մայրաքաղաքիս տաճկերեն ու ֆրանսերեն լեզվով հրատարակյալ զավեշտական թերթերն ալ։

Մենք, երբ «տար զավեշտական թերթե մը բան մը առնենք, անոր աակը Գող կամ Թարգմանիչ բառը կը դնենք, ինչպես որ երբեմն ալ վրան Փոխառություն կը դնենք հասկցնելու համար, որ ատոնք մերը չեն։ Ինչո՞ւ ուրեմն զավեշտական մյուս թերթերն ալ մեզի պես չեն ըներ» (տե՛ս էջ 107)։

Պարոնյանը ամենայն իրավմամբ պաշտպանում է իր հեղինակային իրավունքները՝ հարստահարված՝ ազգային և օտար թերթերից։ Բացի այս, մեծագույն ազնվությամբ խոստովանում է իր կատարած փոխառությունների և գործածած ծածկանունների մասին։ Եթե Պարոնյանի տպավորությունն էր փոխառությունների դեպքում ստորագրել Թարգմանիչ, Գող, ապա տրամաբանական հետևությամբ Գողը և Ավազակը նույնն են, ուրեմն Ավազակը ևս Պարոնյանի ծածկանուններից է։

Պարոնյանի ծածկանուններից է նաև Ապրանգատապրան։ Սույն ստորագրությամբ է լույս տեսել «Հիմարություն հիմարությանց ամենայն ինչ հիմարություն է» հոդվածը, որի առաջին իսկ ընթերցումիդ ուրվագծվում է հեղինակի անկրկնելի ինքնությունը, արտահայտված ոճի, երգիծանքի սրության, կատակելու ուժի և ծիծաղի թարմությամբ։ Բացի այս, վերջում հանդես է գալիս «Թատրոնի» շահախնդիր խմբագիրը, երբ ներկայացնում է խենթերի մի ցուցակ, որի մեջ են և «Թատրոն» չառնողները։ Ցուցակը, Պարոնյանի հատու խոսքի, երգիծական արվեստի վառ նմուշներից է, որը մեջ ենք բերում ամբողջությամբ։

« — Շատ խնդացողները, շատ լացողները, շատ խոսողները, շատ լուս կեցողները, շատ ուտողները, շատ անոթի մնացողները, շատ շուտ քալողները, շատ կամաց քայլ անողները, կառքերեն, նավերեն, երեկույթներեն ամենեն առաջ կամ ամենեն վերջը ելլողները, շատ կարդացողները, բնավ չի կարդացողները, շուտ շուտ կարծիք փոխողները, միևնույն կարծիքին վրա անսաստ, հավիտյան մնացողները, շատ բազմություն սիրողները, բոլորովին մարդատյաց եղողները, շատ լայն բանթալոն հագնողները, բոլորովին նեղ հագնողները, թաշկինակնին ծոցերնեն կեսը դուրս ճղողները, երիտասարդաց մեջ տեքոլթե շապիկ հագնողները, շատ արբեցողները, բնավ չի խմողները, շատ երգողները, ձայներնին չի հանողները, կարի հույժ բարձրահասակները, խիստ կարճահասակները, վերջապես շատ լրագիր կարդացողները, բնավ նատրոն չառնողները՝ միով բանիվ խենթ, հիմար, պակաս, ապուշ, ախմար, խելագար, մորոս, անխելք, փախուցյալ, թռուցյալ և ուղեղնին թեթևարանությամբ լցյալ պիտի մնան մինչև ի կատարած աշխարհի» (տե՛ս էջ 205)։