Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինակ պարզելու համար է նե ինչո՞ւ ուրեմն ամեն օր եկավ ստակ առավ։ Տղա՛ս, չըլլա՞ որ փաստաբանը մեր թշնամիին կողմեն ստակ առած ու անոր կողմը դարձած ըլլա։

— Ատանկ բան կ՝ըլլա՞, մայրիկ, փաստաբաններն ատանկ բան կ՝ընե՞ն, մեղա ըսե, մեղա, մեյ մալ ատանկ խոսք մը բերնեդ չփախցունես, վերջը քեզի դեմ դատ կը բանան։

— Հապա փաստաբաններն երբեմն անանկ բաներ կընեն եղեր։

— Մի՛ հավատար, մայրի՛կ, ատոնք պարապ խոսքեր են, դուռն է, կարծեմ փաստաբանն է... ան է․․․ մտավ..․ վեր կ՝ելնե կոր..․ եկավ..․ հրամմեցե՛ք, էֆենտի։

— Բարև, տիկի՛ն, բարև, պարո՛ն։

— Աստծու բարին, էֆենտի։

— Ի՞նչպես եք, աղե՞կ եք։

— Փառք Աստուծո, ինչպես ըլլալնիս մեզմե աղեկ գիտեք։

— Տիկի՛ն, դատերնիդ ըստ օրինաց, ըստ կանոնաց և ըստ սովորությանց տրամաբանված, վիճաբանված, լուսաբանված, զտված ու մարքված է, հետևաբար, ես իմ փաստաբանական պարտականություններս կատարած եմ, հիմա մյուս փաստաբանն գա, անոր հետ ալ անգամ մը խորհրդակցինք, հետևաբար, նայինք ան ի՞նչ կ՝ըսե։ Եմ կողմես կը վստահացնեմ զձեզ, որ դատերնիդ մաքուր տաճկերեն լեզվով և սահուն արտասանությամբ և բարձր ձայնով բացատրված է, փաստաբանն մալ սպասվածն աս է կարծեմ, հետևաբար, ես իմ պարտքս կատարած եմ։

— էֆենտի՛, մյուս փաստաբանը կուգա կոր..․

— Աստեղի փաստաբաններեն է, այնպես չէ՞։

— Ո՛չ, եվրոպացի փաստաբաններեն է։

— Այստեղի դատերուն համար Պոլսո փաստաբաններն ավելի աղեկ են, որովհետև քաղքիս կլիման գիտեն, դատերուն նաթուրայեն կը հասկնան, հետևաբար դատը աղեկ կը պաշտպանեն։

— Մենք ալ անոր համար հրամանքնիդ բերինք առաջ, հիմա հատ մալ եվրոպացի փաստաբան ըլլա, որ դատը երկու կողմեն բռնկած ըլլա․.. ահավասիկ դուռը զարկավ․․․ վեր կելլա կոր։

— Հրամանքնիդ դուրս ելե՛ք ու մեզի մինակ թողուցե՜ք։

— Շատ, աղեկ։

— Բարև՛, էֆենտի։

— Աստծու բարին, մյուսյու. հրամմեցե՛ք։