Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ ՀԱՍՈՒՆՅԱՆ

1810 թվականին ծնավ Անտոն Հասունյան, կաթողիկոս հռոմեական այն հայերուն, որոնք նախապատիվ կը սեպէն իրենց ազգային իրավունքներն ս. Պապին հողաթափներուն մեջ տեսնել, քան թե իրենց ձեռներուն մեջ։ Յուր ծննդյան գիշերն ամեն մարդ սկսավ իրարու հարցնել, թե ինչո՞ւ գիսավոր աստղ չերևեցավ, վասն զի նախնիք գիսավորներն չարագուշակ նշան համարելով' կր հավատային, թե նախ գիսավորը կուգա և ապա փորձանքը։ Նույն գիշեր շատերը մեյմեկ դիտակ առած' երկնի երեսը կը դիտեին, տեսնելու համար գիսավորն, որ անպատճառ երևցած ըլլալու է, բայց մեզի անտեսանելի է, կ'ըսեին։ Իրավունք ունէին։ Գիսավորն որոշած էր Հասունյանե երկու ամիս առաջ գալ. բայց Հասունյան, որ միշտ գաղտնի գործել կը սիրէ, գիսավորին դիտավորությսւնն իմանալով՝ պոչէն բռնած էր և թող չէր տար, որ երթար։ Սարսափելի կռիվ մը ծագած էր արդեն այս երկուքին մեջտեղը. թեպետ և գիսավորն վերջապես հաջողած էր իր թշնամվույն ձեռքեն պրծիլ և երկնի երեսն երևիլ, սակայն պոչը Հասունյանի ձեռքը մնացած էր։ Այս էր պատճառ, որ մինչև մոտ ատեններս հայերու ռամիկ մասը պոչը կտրած կը կոչեր հռոմէական հայերը։ Գիսավորն, որ յուր հակառակորդին չափ հաստատամիտ էր, ետ դառնալով ուրիշ պոչ մը գտած էր և տարի մը ետքը, 1811 օգոստ. 11 ֊ին երևցած էր ավելի մեծ պոչով մը. սակայն խեղճը չէր կրնար հասկցունել թե այս անգամ փորձանքն իրմե առաջ եկած էր։ Եթե գիսավորն յուր երևմամբն Հասունյանի փորձանք ըլլալն կ՛ուզեր հայտնել աշխարհի, անշուշտ յուր պոչին մեծությամբն ալ