Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չգտնվիր իրեն՝ մենք կ'ըսենք, որ ժողովրդյան շահերը պաշտպանելու կոչված մեկը դդումի կամ շաղգամի իրավունքներու հետ զբաղելու ժամանակ չկրնար ունենալ։

1856-ին, դասատվության ճամբով ժողովրդականության հասնելու նպատակավ, Իզմիրի Մեսրոպյան վարժարանի հայկաբանության դասատու կարգվեցավ։ Չորս գործողությունները միայն պարունակող համառոտ թվաբանություն մը հրատարակեց հոն։ Ամեն անգամ, որ աշակերտներու մեջ թվաբանական խնդրո մը վրա վիճաբանութուն կ'ըլլարշ՝ ինքը միշտ մեծամասնության կողմը կը գտնվեր․․․ժողովրդականություն վաստկելու համար։

Վարժարանին մեջ օր մը կոիվ կը ծագի երկու աշակերտներու մեջտեղը, որոնք իրարու գլուխ կը պատառեին։ Փափազյան կը տեսնե և անմիջապես անոնց քովը կ’երթա։

— Վարժապետ, առաջ ան ինձի զարկավ։

— Ինչո՞ւ զարկիր, պարոն։

— Վարժապետ, մեկ անգամ չորսը մեկ կ'ընե` կ'ըսե։

— Ան ալ կ'ըսե, որ մեկ անգամ չորսը չորս կ՚ընե։

— Ասոր համար իրարու գլո՞ւխ պատառելու է։ Կարծիքներու ազատությունը հարգելու եք։

— Բայց վարժապետ, կարելի է, որ մեկ անգամ չորսը մեկ ընե։

— Կարելի է, որ ընե։

— Ի՞նչպես հասկնալու է։

— Քվեի դրեք, մեծամասնությունն ո՛ր կողմն որ գոյանա, ուղիղն ալ այն կողմն է։

Տասնի չափ աշակերտներ խնդիրը քվեի կը դնեն և մեծամասնությունը կ'որոշե, որ մեկ անգամ չորսը մեկ կ'ընե։

Փափազյան ավելի ևս կը հաստատվի յուր համոզման մեջ, թե ոևէ խնդրո մեջ հաղթանակը տանելու համար խելքեն ավելի մեծամասնություն ունենալու է մարդ մը։

Քանի մը տարի Իզմիր մնալեն ետքը 1859-ին Պոլիս դարձավ և դասատվության պաշտոնով նորեն Ազգային հիվանդանոցը մտավ։ Օրը երկու անդամ ատենաբանություն կ’ըներ

121