Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշակերտներուն, ոչ թե անոնց բան մը խոսելու, այլ վարժվելու համար ատենախոսության, որով օր մը աջակողմյան երես փոխաններու գլուխը պիտի ճաթեցուներ Ազգային ժողովո մեջ։ Ամենօրյա վարժություններու շնորհիվ այնքան հառաջադիմություն ըրավ խոսելու մեջ, որ եթե ունկնդիրներն երկաթյա ականջ ունենային` ամիս մը շարունակ կը խոսեր առանց ամենափոքր նեղություն մը զգալու։ Ճառին ուժգնություն տալու համար բան մը չէր խնայեր, եթե խոսքերը տկար գտնվեին՝ կը դիմեր ձեռներուն, որ խոսքերեն` ավելի զորավոր էին, ձեռներովը կը զարներ առջևը գրված գրասեղանին և կը կոտրեր զայն։ Հերակղես կը ձևանար, երբ լու մը սպաննել հարկ ըլլար։ Ունկնդիրներն արթնցնելու համար իշուն ստվերին չէր դիմեր, այլ բոլոր ուժովը կը պոռար։ Սովորություն ուներ խոսած ժամանակ երբեմն քանի մը քայլ առնել դեպի ձախ և երբեմն դեպի աջ—վերջերս կարծիքներն ալ ոտներուն օրինակին հետևեցան, Երեսփոխանական ժողովո մեջ—չէր մոռնար նաև չորս քայլ դեպ առաջ գալեն ետքը չորս քայլ ետ երթալ, հոգեփոխության հավատացողները կ'ըսեին․ ահա Կիկերոն, որ քատրիլ կը խաղա։ Շատ մը կրոնավորներ կ՚երթային անոր ատենաբանությունները մտիկ ընելու և համոզել կ՝աշխատեին զինքը, որ վարդապետ ձեռնադրվի․ իսկ Փափազյան նորեն բեմ ելնելով ատենաբանությամբ մը կը մերժեր անոնց առաջարկությունը։ Բացի հիվանդանոցի վարժարանեն մայրաքաղաքիս գրեթե բոլոր վարժարաններուն մեջն ալ դասախոսություն ըրած և բավական աշակերտներ ընծայած է ազգին։ Երկար տարիներ դասախոսություն և տնօրենություն ըրած է Ղալաթիո վարժարանին մեջ, զոր միշտ թաղային մյուս վարժարաններեն բարձր դիրքի մը մեջ պահելու հաջողած է և գործող մարդ ըլլալն անհերքելի կերպով հաստատած է։

1860-ին սկսավ դասագիրք հորինել յուր աշակերտներուն համար։ Հորինեց համառոտ Ազգային պատմություն մը, որուն մեջ թագավորներուն այցետոմսերը միայն գրված էին։ Աշակերտներն մարզպաններուն, պատրիկներուն, իշխաններուն և թագավորներուն անունները միայն կը սորվեին և կես ժամեն

122