Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արքայութենեն ավելի կը գովեր՝ որով ննջեցյալն նախապատիվ կը սեպեր դագաղին մեջ մնալ քան թե արքայության մէք: Ազդային հիվանդանոցին մոմերուն պես կարգերու կը բաժնըվեին յուր դամբանականները, մեկ ոսկի տվող մեռյալն բարեսիրտ կ'ըլլար, երկու զրկողը բարեսիրտ և քիչ մ'ալ ազգասեր կը հռչակվեր, երեք նվիրողը ազնիվ սրտով և վսեմ զգացումներով կը զարդարվեր, չորս համրողը հանրածանոթ ազգասեր կը ծանուցվեր, հինգ տվողն կենդանությանը ժամանակ այնքան գաղտնի ողորմություն տված կ՛ըլլար աղքատներուն, որ մարդ տեսած չէր ըլլար, հայրենյաց բարերար կը հորջորջվեր, և ասանկներուն դագաղը ութը հոգի կը կրեր, որովհետև չորս հոգի բավական չէին կրել այնչափ գովեստներով ծանրաբեռնյալ ննջեցյալն։

Դագաղն ալ երբեմն զգացման տեր և ազգասեր կ'ըլլար. եթե զայն շինող ատաղձագործը գերապատիվին մենճիտիե մը ղրկեր։ Ւսկ անոնք, որ ժամանակ չունեին փրկանք վճարել դամբանախոսին' դամբանական լսելու իրավունքե կը զրկվեին, իրենց վերապահելով սակայն մեռնելու իրավունքը։ Խորեն եպիսկոպոս յուր պաշտոնակիցներուն պես վարվելով՝ լռելյայն սա սկզբունքը կը քարոզեր թե՝ չար եղեք որչափ կուզեք, բայց հարուստ եղեք, որչափ կրնաք։ Ժողովուրդն, որ շատ անգամ ազգասեր, ողորմած, բարեսիրտ ածականներուն տրվիլը կը լսեր այնպիսի մարդերու, որոնք իրենց կեդանությանը ժամանակ ազգը մատնած են իրենց շահուն համար, կամ եկեղեցվույն գանձանակեն ստակ գողցած են, ինքնիրեն կ'ըսեր. «խորանի վրա, բազմության մեջ, այսչափ սուտ ի՜նչպես կարելի է ըսել առանց կարմրելու»։

Խորեն եպիսկոպոս մեծ մարդ է. ավելի մեծ պիտի րլլա անշուշտ, եթե հաջողի Կիպրոսի մեջ էուսինյանե մնացած կալվածներն Անզղիո ձեռքեն առնել. և աս ալ անհավատալի բան մը չէ։

Խորեն եպիսկոպոս միջին հասակով, բարեձև կազմով գեղեցիկ մարդ մ'է։ Երբ փողոցն ելնե՝ ընդհանրապես այն դեմքը կ'ունենա երբ բազմության մեջ մեկն յուր սիրուհիին գաղտնի նշան ընելեն ետքը ուրիշ մը զայն տեսնե և իրեն ըսե. «Ըրածիդ հավնեցա՞ր»։