Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՋԱԳՅՈԻՂ

Նախ և առաջ հարկ է գիտնալ, որ այս գյուղը մտնելու համար քանի մը դժվարություններ կան, խոսքս պատվավոր մարդերու համար է և ո՛չ գողերու համար, իսկ անկե ելնելու համար դժվարություններն ավելի մեծ են. Արևելյան խնդրույն ձևով շինված գյուղ մ’է։ Եթե նավամատույցին ճանբայեն մտնել ուզես՝ վեց հոյակապ հոտը քթիդ ուշադրությունը կը գրավեն, և անմիջապես կը համոզվիս, որ Միջագյուղ բնակողի մը համար պզտիկ քիթ մը մեծ փորձանք է։ Եթե լերան կողմե իջնել փորձես՝ փրկանքդ հետդ տանելու ես, որ եթե գողերէ բռնվիս՝ կարենաս օձիքդ ազատել։ Իսկ եթե Պեշիկթաշի կողմեն գաս՝ աչերդ թաշկինակով մը կապելու ես, որ հովն անցյալ տարվան հրդեհեն մնացած մոխիրներն աչերուդ չփչե։ Այս գյուղին մեջ մտնելու ապահով ճանբան օդապարիկով հոն իջնելն է, կըսեն, իսկ ինձի համար հոն մտնելու ամենեն ապահով ճանբան հոն բնավ չմտնելն է:


Այս գյուղին մեջ հինգ հարյուր քսան տուն կա հայու, սակայն ասոնց մեջ կան տուներ, որք երկու և երեք ընտանիքներե բնակված են։ Եթե գործերն այսպես շարունակվին՝ քսան ընտանիք մեկ տան մեջ պիտի բնակին և վիճակագիրները տուն համրելու տեղ սենյակ պիտի համրեն։


Երկու եկեղեցի կա, միույն անունն Աստվածածին է, իսկ մյուսինը Լուսավորիչ։ Գյուղիս Աստվածածինը սահմանադրական չէ, ամեն այցելուները միևնույն եղանակով չընդունիր. հարուստ այցելու մը տաճարեն ներս մտնելուն պես ժամկոչ եղբայրները իրար կանցնին աթոռ մը գտնելու և