Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարժարանն հիմա ի՞նչ վիճակի մեջ է:


— Աղեկ է. ես ուրիշ գործ չունիմ, առավոտե մինչև երեկո դպրոցի համար կաշխատիմ. ուզած ժամանակս ալ ազգային հանդես ըսելով լրագիրներու մեջ ծանուցում կընեմ, հանդես մը կուտամ, քանի մը հարյուր դահեկան ալ անկե կը փրցունեմ։


— Ի՞նչ բանի հանդես է այն։ Սահմանադրութեան տարեդարձի՞ հանդես է, եկեղեցվույն տոնախմբությա՞ն հանդես, թե վարժարանին...։


— Իրավ որ կարևորություն տված չեմ անուն մը դնելու համար, եկո՛ւ տես, որ հարցնող փնտրո՛ղ ալ չկա, բայց գայ տարի անուն մը պիտի դնեմ։


— Քանի՞ տուն հայ կա։


— Ամառը ութսուն տուն է, աշունը յոթանասունը հինգ, ձմեռը վաթսուն և գարունը վաթսունը հինգ։


— Թաղեցիին արհեստն ի՞նչ է:


— Թաղեցիին մեկ մասը նավավար է և մեկ մասը ձկնորս։ Ամենքն ալ մաքուր սիրտ կը կրեն և մաքուր օղի կը խմեն, բայց այնչափ առողջ են, որ սովորական խոսակցության մը մեջ անգամ իրենց ձայնը Թարապյայեն կը լսվի: Հաստանդամ մարդիկ են, շատ կապրին, անուշ-անուշ հայհոյել մը ունին։


— Ողջ ըլլան։ Կիներն ի՞նչպես կյանք կ՛անցունեն։


— Յազմա կը շինեն, կը ծախեն և էրիկնին կը նային:


Ուրիշ թաղերու մեջ՝ գործը կարգին դնողն միայն կը կարգվի, որ կարենա յուր կինը ապրեցունել, հոս հակառակն է, ապրուստը ճարել չկրցողը կը կարգվի, որ կինը զինքը նայի։ Հոս պճնասիրություն, բամբասանք, շռայլություն, թատրոններ, զբոսարաններ չկան, հոս կյանքն անմեղ է։


— Մեծապես շնորհակալ եմ տված տեղեկություններեդ։


— Օդը շատ քաջառողջ է, եթե առջի իրիկվընե երկու օխա օղի խմես՝ առտուն անանկ թեթև կարթննաս, որ կը կարծես թե առջի դիքերը բան մը խմած չես, շատերը հոս կուգան օղի խմելու։