Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաս գյուղի կամ Ենի աբույի մեջ սնանկանալն մեծ դժվարություններ ունենար։ Արդ, սնանկացած բոլոր ամիրաներն գրեթե այս թաղին մեջ կը բնակին։ Եվ արդարև, այս թաղն շատ դյուրություններ կընծայե այն անձերուն, որք հաստատապես որոշած են դադրեցնել իրենց վճարումներն, և ասոր համար է, որ շատ վաճառականներ հոն կերթան՝ երբ սնանկանալ փափագին։ Շատերն ալ սնանկանալն վերջը հոն կերթան՝ իրենց ծանոթներե հեռու մնալու համար, վասնզի սնանկությունն ժամանակավ այնքան անպատիվ բան մը նկատված էր, որ սնանկացող մը նորընծա քահանայի մը պես քառասուն օր ապաշխարանք կը քաշեր և տունեն դուրս չէր ելներ։ Հիմա, փա՜ռք լուսավորության, սնանկությունը թեպետև սովորական բան մը դարձած է, բայց դարձյալ կը գտնվին խավարյալ մարդեր, որոնք իրենց փոքրություն և ամոթ կը համարին ուրիշին իրավունքը կլնելը։ Ահա այս խավարյալներն են, որ Բերա կը գաղթեն, լույս մաղթենք իրենց համար, որպեսզի նախապաշարումը մեկդի թողլով՝ հանդարտ խղճով սնանկանան և իրենց մեծ պատիվ համարին ուրիշներու ստակներն ուտելը. Արդեն հարստանալու համար ամենեն կարճ ճանբան է աս, և այն բոլոր հարուստներն, զորս այսօր կը տեսնենք, բայց տեսնել չենք ուզեր՝ այդ ճանբով հասած են իրենց նավահանգիստը։ Ահա մարդ մը, որ յուր կյանքին մեջ բնավ վաճառականությամբ չէ զբաղած և այսօր Վոսփորի երկու ափերուն վրա բարձրացած հոյակապ շենքերու տեր է։ Ի՜նչպես կառուցած է զանոնք, մի՛ հարցուներ, հափշտակությամբ կառուցած է։ Ասդին դարձիր և կը տեսնես այնպիսի անձեր, որք իրենց կյանքին մեջ հազիվ ապրելու համար դրամ վաստկած են, բայց այդ անձերն այսօր, չգիտեմ, ո՛ր կղզվույն մեջ տեր են այնչափ գետիններու՝ որոնցմե Նոյ նահապետին օրեն ի վեր մաս-մաս կը ծախեն, և այդ գետինները չեն սպառիր, ո՛չ թե միայն չեն սպառիր, այլ որքան ծախվին՝ այնքան կընդարձակվին: Ի՜նչպետ մի հարցուներ, վասնզի պատասխանը գողություն է, և այս դողերն մեծ հարգ ու պատիվ կը վայելեն հասարակության մեջ՝ որ կըսե անոնց համար.