Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մայրդ ի՞նչպես է։


Աղավնին կը հևար։


— Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է... դժբախտությո՞ւն մը պատահեցավ։


Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր..


— Հետաքրքրութենես պիտի ճաթիմ... չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանա՚՞կ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ։


— Մայ...րի...կս... ա...ղեկ է, բայց... տը... ղան... ծիծ չը... բռ...ներ... կոր... դա...յա.. .կը... պի... տի...


— Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ։


Աղավնին բաժնվեցավ Մանուկ աղայեն, որ ճանբան փոխեր դայակին տունը փնտրելու համար։


Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կը ծանուցաներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերեքն կամ Աբիսողոմ աղային գալը։ Դառնանք հիմա Աբիսողոմ աղային։


Գ

Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս։ Ընթերցողը չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն ո՛րչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էջերը չտեսնելով՝ անոնց միույն դեմ բախվեցավ։ Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մուներ, որ յուր առջևը չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը։ Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախա—