Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ք Ա Ր Թ Ա Լ

Քանի մը օր առաջ Քարթալ գացինք տեղվույն ազգայիններուն վրայոք տեղեկություններ հավաքելու համար, բայց բարեբախտաբար թաղին մեջ մարդ մը չկրցանք գտնել բացի գինեպաններն, որք գինի կուտային մեզ ամեն անգամ, որ իրենցմե տեղեկություն կուզեինք։ Բարեբախտաբար ըսինք, և իրավունք ունինք. վասնզի իմացանք, որ թաղիս հայերն այգեգործ ըլլալով իրենց այգիները գացած Էին աշխատելու: Երանի թե բոլոր թաղերու հայերն այգեգործ ըլլային և սրճարաններու մեջ խաղերով չանցունեին իրենց թանկագին ժամերը։ Ուստի ետ դառնալով՝ Պոլիս անցանք և հետևյալ տեղեկությունները քաղեցինք այնպիսի անձե մը, որ լավ կը ճանաչե քարթալցին և մանավանդ անոր գինին։


Քարթալցին, ըսավ այս անձը, բնավ հոգ չըներ, թե ազգային վարչություն չկա, թե Երեսփոխանական ժողովն չըներ, ինչ որ ընել պարտավոր է, թե ազգային վարժարանները կիրքերու վառարան դարձած են և այլն. վասնզի Ազգային վարչություն, Երեսփոխանական ժողով, Ազգային վարժարան բառերն իրեն համար օտարական են, և քարթալցին այն ատեն կը սիրե օտարականն՝ երբ որ ութը դահեկանի ծախե անոր գինին, որ դահեկանի արժեք ունի. և որովհետև Ազգային վարչությունն, Երեսփոխանական ժողովն և ազգային վարժարանները Քարթալ գացած չեն գինի առնելու համար, այս պատճառով քարթալցիին անծանոթ մնացած են։


Օտարական մը Քարթալ մտնելուն պես՝ կը շրջապատվի