Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վա՜աայ... հյո՞ւր է արդյոք...


— Չաթ, լաթ, լաթ...


— Ո՞վ մտիկ պիտի ընե ասոնք, նա... ըսեք որ հոս չեմ...


— Չըլլար, պատուհանեն տեսան։


— Զաթ, չաթ, չաթ...


— Վերը տարեք և ըսեք, որ Պապիկ աղան անհանգիստ է այսօր։


— Չաթ... չաթ...


Դուռը կը բացվի:


— Վեր հրամմեցեք, վեր հրամմեցե՛ք:


Հյուրերը վեր կելնեն։


Պապիկ աղան վստահ է ալ, թե փորձանքն անցուց։


Կես ժամ կանցնի, չանցնիք, Պապիկ աղային դուռը կը բացվի, և հյուրերեն մին ներս կը մտնե:


— Պապիկ աղա:


— Ձայն չկա, արդյոք կը քնանա՛ կոր... Պապիկ աղա...։


— Քնանա կոր:


Պապիկ աղան արթուն է։


— Արթնցնենք... Պապիկ աղա, Պապիկ աղա... ըսելով հանդերձ կը հրե, կը հրմշտկե Պապիկ աղան, որ արթննա։


Պապիկ աղային ճարը կը հատնի, կարթննա:


— Դո՞ւք եք, մոսիո Բոլ։


— Ես եմ... անցած ըլլա։


— Շնորհակալ եմ։


— Տիկինն ըսավ, թե անհանգիստ եք։


— Այո՛, շատ անհանգիստ եմ։


— Թե գլխու ցավ ունիք։


— Այո՛։


— Ես ալ ըսի, որ երթամ, նայիմ անգամ մը Պապիկ աղան, վերջը չըսե, թե մեր տունն եկեր է ու չէ ուզեր քովս գալ։


— Շնորհակալ եմ։


— Ինչպե՞ս եղավ, որ գլխու ցավ ունեցաք։