Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսօր գալով պակասություն մըրած չեք ըլլար, որ ներողություն խնդրեք։


— Մեր քաղաքավարությունն է, որ այնպես խոսիլ կուտա ձեզի, բայց մենք մեր պակասությունը միշտ կը ճանչնանք։ Արդարև մեծ պակասություն մը է մեր ըրածը. ձեզի պես երևելի մարդ մը մայրաքաղաքս գա, և պատկերահան մը անմիջապես բարի եկարի չերթա, պակասություններու պակասությունն է, որ և ոչ մեկ կերպով մը կրնա պակասություն ըլլալե դադրիլ:


— Ամենևին պակասություն մը չէ, եթե բնավ չգայիք, դարձյալ պակասություն մը չէր համարվեր ինձի համար։


— Շատ վեհանձն եք։


— Ամենևին վեհանձն չեմ։


— Թող այնպես ըլլա, ատոր համար հիմա վիճաբանության մտնելու հարկ չեմ տեսներ, միայն ինքզինքս ձեր տրամադրության տակ կը դնեմ և ձեր հրամաններուն կսպասեմ. եթե կ՛ուզեր, հոս քաշել տվեք, եթե կը փափագիք, մեր գրասենյակը պատվել հաճեցեք, և հոն հանենք. ինձի համար միևնույն բանն է. դուք ինչպես որ կախորժիք, այնպես ընելու պատրաստ եմ։


— Ի՞նչ պիտի քաշել տանք... իմ ակռաներս աղեկ են։


— Գիտեմ, որ ակռաներդ աղեկ են, ինչպես նաև դուք ալ աղեկ եք. ես կը փափադիմ ձեր լուսանկար պատկերը քաշել։


— Ես մինչև հիմա պատկերս բնավ քաշել տված չունիմ և քաշել տալու հարկ մալ չեմ տեսներ, վասնզի ամեն օր հայելի կը նայիմ և ինքզինքս կը տեսնեմ։


— Եթե ձեր պատկերը մեկու մը ղրկել ուզեք՝ հայելին կրնա՞ք ղրկել, Աբիսողոմ աղա՛։


— Հայելին ինչո՞ւ ղրկեմ, ես կերթամ:


— Շատ աղեկ կը խոսիք, բայց ես մինչև որ ձեր պատկերը չհանեմ, չեմ կրնար հանգիստ ըլլալ, ինձի համար պզտիկություն մէ ձեր պատկերը չհանելը, թող որ ձեզի համար ալ այնպես է։


— Ինչո՞ւ։