Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա

Հազար ութը հարյուր յոթ անասուն... չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին, ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի, երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթտված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնտուկները հանել կաշխատեր։


Կը տեսնենք, որչափ պարզությամբ սկսա: Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խուռն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն, խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ո՛չ հով կար, ո՛չ անձրև, ո՛չ խուռն բազմություն, և ո՛չ ալ ձերբակալված աղջիկ մը։


Ա՛րդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մէ։


Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր... չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետև բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել, անոր մեծությունը սխալեցուր զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պարոն Հ. Վարդովյան հանդիպեր՝ յուր աչերով կը հարցուներ այդ մարդուն. «Ի՞նշ ամսական կ՝ուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։