Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սնտուկներն և անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էր, նավակեն հանելուն պես ճամփորդն քաշեց քսակն և նավավարին իրավունքը վճարելով բեռնակիր մը կանչեց։ Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա, որ եթե հինգ կանչեր՝ քսան և հինգ պիտի ունենար յուր առջև, մայրաքաղաքիս սովորությանը համեմատ։


— Ո՞ր կողմ պիտի երթաք, աղա, հարցուր բեռնակիրներեն մին՝ մեկ ոտը սնտուկներեն միույն վրա կոխելով։


— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ, պատասխանեց խոշոր մարդը։


— Շատ աղեկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց... պատվական փողոց մէ, ըսավ հարցումն ընող բեռնակիրն և սնտուկ մը շալկելով սկսավ երթալ։


— Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, ըսավ երկրորդ բեռնակիրն և սնտուկին մեկն ալ ինք առնելուն պես՝ Բերայի ճանբան բռնեց։


— Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն, ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։


Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը չվարելով սկսավ չորս կողմը նայիլ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին։


— Ի՞նչ խայտառակություն է աս, պոռաց վերջապես ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս և սնտուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնտուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը, ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։


— Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա՛, մեզի ալ բան մը տուր, որ տանինք, ըսին մյուս երկու բեռնակիրները։


— Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ, պատասխաներ մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին։


Երկու բեռնակիրները խնդալով հեռացան, և ճամփորդն