Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հիշյալ լրագրաց և իրենց ընթերցողաց թողլով այս հանելուկին լուծումը՝ կը բարեմաղթենք, որ համաձայնություն մը գոյանա։


Եվ ի՞նչ է համաձայնությունը։


Բառերուն խոսքի մեջ բռնելիք տեղերը և իրարու հետ կանոնավոր կերպով կապվելու եղանակը սորվեցնող արհեստ մը, որ կը պատվիրե նաև իրարու շահուն չդպչիլ:


Այս դեսպանաժողովին մեջ մեկ սեռի խնդիր կա, հինգ բայ կա, ամենուն ալ աչքը սեռի խնդիրին վրա է, մինչև անգամ չեզոք բայերն ալ ներգործականի դառնալու միտք ունին՝ եթե պզտիկ շահ մը ցույց տրվի իրենց, հատկացուցիչ կա, հատկացյալ չկա, բացահայտյալ կա, բացահայտիչ չկա. այս պարագային մեջ սեռի խնդիրին քաշածը միայն Աստված գիտե։ Տերբային սեռի խնդիրին քիչ մը անգին գնա՛, կըսե. ներգործական բայերեն մին՝ սեռի խնդիրին գլուխը կեցած տեղեդ չպիտի երերաս կը պոռա, չէզոքը՝ մի՛ դպչիր, ուզածնին թող ընեն, կըսե. հատկացուցիչը սեռի խնդիրին պոչեն բռնած՝ թշվառական, չգա՞ս, դուն իմ հատկացյալն ես, կըսե. վերջապես՝ իրաց այս վիճակին մեջ համաձայնություն մը այն ատեն պիտի գոյանա՝ երբ համաձայնության կանոնները բռնաբարվին, ինչպես որ ասկից առաջ լրագիրը գուշակած էր... համաձայնության կանոններուն բռնաբարումը... Լրագրի մեջ։


Գրավելու զրույցներեն ալ բան մը չեմ հասկնար կոր։


Ի պահանջել հարկին Ռուսիա երբ Պուլղարիան գրավե, Ավստրիան ալ Պոսնան պիտի գրավե եղեր, ուրիշ մալ չգիտեմ որ կողմը պիտի գրավե եղեր։


Եթե ամեն տերություն մեյ մեկ տեղ գրավելու պարտավոր է, կը խնդրենք, տեղ մալ մեզի ցցունեն, որ մենք ալ գրավենք։


Սա Ավստրիային ի՞նչ կըսես, ինքզինքը գրավելու կարողություն չունի, ելեր Պոսնան գրավել կուզե։