Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հույները դարձյալ ներողամիտ պիտի գտնվին և հավիտյանս հավիտենից պիտի մաքառին ալավության դեմ։


Այս լուրը հեռագրավ Ս. Բեթրսպուրկ հասնելուն պես՝ ամբողջ քաղաքը սուգ է առեր, բնակիչք քուրձեր հագնելով մոխիրի վրա նստեր են։


Սլավությունը հիմա գտավ յուր պատիժը, նայինք ի՞նչպես պիտի խալըսե զինք հունաց ձեռքեն... սլավությունը երբեք ասանկ հարված մը կրած չէր։


Կեցցեն մեր օրթոտոքս զվարճախոս խմբագիրները... բայց կը խնդրենք իրենցմե, որ ամեն օր սլավության թշնամի ըլլալնին հայտնելու տեղ օր մալ ո՛ր ազգին բարեկամ ըլլալնին հայտնեն։


<62>

Թերթերնիս այսօր քիչ մը ուշ հրատարակելնուս համար ներումն կը խնդրենք մեր ընթերցողներեն, որք անշուշտ սիրով պիտի փութան մեզ ներելու, եթե անոր պատճառն իմանան։


Հայտնի է, որ Սաֆվեթ փաշան մարտ 8-ին օսմանյան դեսպանաց հեռագրով իմացուց տասնմեկ բարենորոգումներ՝ որք ի գործ պիտի դրվին մոտերս։ Ես ալ երկու օրե ի վեր այն բարենորոգմանց մեջ Անատոլուի վերաբերյալ կետ մը փնտրելու զբաղած ըլլալով ստիպվեցա ձեռագիրներս քիչ մը ուշ հանձնել տպարանին, և այս պատճառավ թերթը սովորականեն քիչ մը ուշ հրատարակվեցավ, բայց վերջապես հրատարակվեցավ:


Եթե մեր փնտրածը գտնայինք՝ հոգ չէինք ըներ, բայց որովհետև չգտանք՝ հարկավ հոգ կընենք։


Մարդս այդ բարենորոգումները կարդացած միջոցին այնպես կը կարծե, որ կամ Անատոլու այսօր բարեկարգյալ վիճակի մեջ է, կամ Անատոլուի մեջ հող չունինք։ Եկուր տե՛ս որ, ո՛չ մին է, և ո՛չ մյուսը, և չենք կրնար լայնատարած հասկնալ, թե այն Անատոլուն ինչպես վրիպեր է Սաֆվեթ փաշայի սրատես աչքերեն։