Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվրոպայի կողմեն դուրս ելնեն անոնք, կըսեն։ Կառավարությունը Եվրոպայի կողմեն բերել կուտւս և Ասիո կողմը կը ղրկե։


Ասիո կողմն ալ չենք ուզեր, կըսեն։


Ո՜ւր ղրկենք։


— Եվրոպայի և Ասիայի կողմերը մի ղրկեք տե, ուրիշ որ կողմ կուզեք նե՝ ղրկեցեք։ Փառք Աստուծո, տեղ չկա չէ յա։


Զարմանալին հոն է, որ օսմանյան Երեսփոխանական ժողովն ալ չկրցավ յուր վերջին նիստերեն մեկուն մեջ որոշում մը տալ այս մասին։


Լսածնուս նայելով մեր ազգեն ալ քանի մը կրոնավորներ ամենապատիվ սրբազան Պատրիարքին երթալով, աղաչեր են աղաչել Բ. Դուռը որ հայաբնակ գյուղերն ալ չղրկվին:


Ըստ մեզ այս առաջարկությունը պարապ բան է։


Կառավարությունն իսկ եթե ղրկել ուզե՝ չերքեսները չեն երթար, ինչու որ հայաբնակ գյուղերուն մեջ գողնալու բան չմնաց։ Իսկ եթե կա՝ այն ատեն ալ քյուրտերը չեն թողուր, որ չերքեսները մոտենան, որովհետև իրենց շահուն կը դպչի...։


Դիվանագետներ, թագավորներ, կայսրեր, ամենքը միաբերան «Քրիստոնեից վիճակին բարվոքում» կըսեն, ի վերա այսր ամենայնի ես իմ վիճակիս մեջ բարվոքում մը չեմ կրնար կոր տեսնել։ Արդյոք ինձի՜ այնպես կուգա կոր, որովհետև կըսեն՝ թե մարդս որչափ ալ երջանիկ ըլլա, դարձյալ իր վիճակեն դժգոհ կըլլա. արդյոք նախանձելի վիճակ մունիմ, կըսեմ կոր երբեմն ինքնիրմես, սա մտածությամբ՝ թե դիվանագետները իմաստուն մարդիկ են, և հարկավ, իմ վիճակս ինձմե աղեկ գիտեն։


Բայց ոչ, սկեպտիկությունը մեկդի, իմ վիճակս պուլղարի մը վիճակեն աղեկ չէ։


— Եթե այդպես է, քրիստոնյա չես։ Քանի որ քրիստոնեից վիճակի բարվոքում կըսեն և քու վիճակդ չեն բարվո-