Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱԳՏՎԵՑԵՔ ՆԱՅԻՆՔ

<6>

Քաղաքագիտությունը փիլիսոփայական ասպարեզեն փախչելով սիրո ասպարեզին մեջ մտավ։


Շաբաթե մը ի վեր հասած հեռագիրներն ուրիշ բան չեն հայտներ, եթե ոչ Ավստրիո կայսեր Ռուսիո կայսեր հետ պազտվիլը։


Համբույր, համբույր և դարձյալ համբույր... ուրեմն շատ և շատ իրավունք ունի եղեր Անգղիան հյուսիսային երեք տերությանց հետ չմիանալու, և կարծենք այս հեռագրալուրերու վրա իր չեզոքությանը մեջ ավելի հաստատ պիտի մնա, որովհետև ասոնք պագտվելեն զատ ուրիշ բան մը ըրած չունին և պագտվիլն ամեն տերությանց նպաստավոր չկրնար ըյլալ:


Անգղիա գործ տեսնալ կուզե. կը փափագի, որ ժամ առաջ խաղաղությունը վերահաստատվի, մինչդեռ ասոնք պատերազմի միջոցին զիրար պագնելով ուրախության նշաններ ցույց կուտան։


Ատոնց պագտվիլը մեր հոգը չէ, բայց իրենք, որ մեծ տերություններ են և պզտիկ տերությանց բարի օրինակ տալու պարտավոր են, եթե այսպես ուրախության նշաններ ցույց տալով՝ զիրար պագնեն նե՝ արդյոք պզտիկ տերություններն ինչեր չեն ըներ։


Ի՞նչ պիտի ընեն. պզտիկը յուր մեծեն ինչ որ տեսնա՝ անոր կը հետևի, շատ հավանական է, որ վաղը կամ մյուս օր սա պես հեռագիր մը գա.


«Հունաստանի թագավորը իրեն հավասար թագավորի մը հետ պաղտվիլ կը փափագի, հանձն առնողը թող Աթենք հրամմե»։


Մինչզեռ մենք, այսինքն ժողովուրդը, կը փափագինք գիտնալ թե՝ ասոնք ինչո՛ւ համար երկու օրը անգամ մը իրարու այցելության երթալով կը տեսակցին կոր. թե՝ իրենց տեսակցության արդյունքը ի՛նչ կըլլա կոր։


Ահավասիկ, մենք ասոնք կուզենք գիտնալ. բայց եկո՛ւ տես, որ մեր գիտնաք ուզած բաներն մեզմե պահելով մեր գիտնալ չուզածնիս մեզի կիմացունեն կոր։