Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը տրվին։ Ազգային ժողովեն ամսական երեք հազար ղուրուշի հավելում մը կը խնդրեր պաշտոնյաներուն ծախքին համար, և մինչև այսօր կրոնական խորհրդական մը չբերեր, ստակ չկա՝ որ գործեմ, կըսե. մինչդեռ ստակի բնավ պետք չկա կրոնական խորհրդական մը գտնելու համար։ Արդյոք Վարչությունն չափազանց տգետ, այսինքն ա բ գ չգիտցող կրոնավոր մը կը փնտրե, որ չկրնար գտնել...


Նոր լուր մալ. Վարդան զորավարն և Գավաֆյան գրավաճառն բանտարկվեցան. Վարդան զորավարն ծախվելու. հանցանքի համար և Գավաֆյանը զայն ծախելուն համար։ Պատրիարքական փոխանորդն իմացուց Բ. Դռան՝ թե սուրբերը բանտարկելն աղեկ տպավորություն չըներ ժողովրդյան վրա. ես կը կասկածիմ, որ Բ. Դուռն վաղը մյուս օր առաքյալներն ալ պիտի բանտարկե։ Լևոն Լուսինյանի պատկերներն ալ բանտարկված են։ Փառք կուտամ Աստուծո՝ որ անունս ո՛չ Վարդան է և ո՛չ Լևոն, վասնզի հավանական է, որ Վարդան կամ Լևոն անուն ունեցողներն ալ պատժվին վաղր իբրև գրգռիչ.


<3>

Կ. Պոլիս, 20 ապրիլ, 1881 <ամի>

Լսած եք անշուշտ, որ սուրբ Փրկչյան հիվանդանոց անվամբ գթության ազգային հարկ մը կա մայրաքաղաքիս մեջ: Այս հիվանդանոցն կը տարբերի սակայն թուրք հիվանդանոցներեն, որք հատկապես հիվանդ լինելու նպատակավ կառուցված են և որոնց մեջ այնքան զբաղած է Գաբրիել հրեշտակապետն, որ ժամանակ չունի երբեմն հարստահարիչ քուրտ պեյերուն այցելություն ընել։ Մեր ազգային հիվանդանոցին մեջ կը գտնվին բավական թվով հիմարներ, չեմ ըսեր թե անկե դուրս գտնվող հիմարներուն թիվն ավելի նվազ է, ծերեր, անկարներ, անդամալույծներ և ուսանողներ, և այս պատսպարելոց թիվն գրեթե միշտ հինգ հարյուրեն ավելի է: Կը հիշեք հարկավ, որ թուրք կառավարությունն քանի մը ժամանակե ի վեր դադրեցուցած է սույն հաստատության հատկացուցած օրական հացն ու միսն և հիվանդանոցին պատ-