Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազե — Անմխիթար թողուցիր զմեզ, ո՛ հայր, ինչո՞ւ քանի մը տարիներ ևս չապրեցար, որ քիչ մալ ուռեցնեինք մեր փորը. ո՞վ գիտե, քու տեղդ թերևս անանկ մեկը պիտի ղրկեն, որ ինքն միայն պիտի ուտե և թող չպիտի տա մեզ գործել մեր ուղածին պես։

Շահեն — Շատ հավանակսւն է, արդեն սկսած են խորհիլ հաջորդին ընտրությանը վրա։

Ուրուր — Մինչդեռ պարտավոր էին երկու երեք տարի մեզի թողուլ այս բույնն և իրենք սուգ բռնելու էին, լալու, ողբալու էին և հետո սկսելու էին խորհիլ ընտրության վրա։

Շահեն — Անոնք պաշտոնապես լացին այս կորստյան վրա, իսկ ոչ պաշտոնապես ուրախացան, մենք միայն սրտեն կուլանք և կողբանք։

Բազե — Որովհետև մենք զգայուն ենք։

Ուրուր — Անոնք շահախնդիր են։

Շահեն — Թերևս շատ անգամ իրենց մտքեն ըսած ըլլան, թե ինչո՞ւ ժամ առաջ չմեռնիր այս թռչունն, որ մենք հաջորդենք իրեն։ Վա՛խ, վա՛խ, վա՛խ...

Ծիծաղ — Զիս ալ պիտի լացնեք։

Բազե — Մենք լալու ենք, որովհետև ներողամիտ գլուխ մը կորսնցուցինք, ողբալու ենք, որովհետև չգիտենք, թե հաջորդ թռչունն ով պիտի ըլլա։

Ծիծաղ — Ոմանք կըսեն, թե արծիվն պիտի ղրկվի:

Շահեն — Արծիվն արժանավոր է և հարմարություն ունի մեր գլուխն ըլլալու, բայց եթե բույնին հաշվական մասն անաչառ և խիստ թռչունի մը հանձնե՝ այն ատեն մեր գործին չգար։

Ծիծաղ — Կը զրուցվի նաև, թե պիտի ընտրեն Փիլոտոկս անուն թռչուն մը:

Շահեն — Թո՛ղ ընտրեն, միայն թե մեր գործին շատ չխառնվի այն։

Ծիծաղ — Կըսվի նաև թե ...րը պիտի հաջորդե ամենայն թռչուններու նախագահին։

Բազե — Բարի եկավ, հազար բարի. հերիք է որ ամեն բան չլսե ու չտեսնե. որովհետև շատ լսելն ու տեսնելն, թե յուր ականջներուն կը վնասե, թե աչերուն և թե մեզի։