Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարբեր կը մնաս և պատիվ կը պահանջես իրմե։ Ան կը պոռա, դուն պաղ արյամբ կը պատասխանես: Քանի մօր ետքը նամակ մը կը գրես իրեն սա իմաստով. «Կը խնդրեմ, որ գրաբերիս անպատճառ երեք ոսկի տալու շնորհ ընեք։ Շատ նեղության մեջ եմ, բարեկամության մեջ իրարու օգնել պետք է: Եթե վրադ չունիս՝ բարեկամե մը փոխ ա՛ռ, քանի մօրեն ամենը մեկեն կուտամ»։

Կայծակ — Ասանկ նամակ կը գրվի՞։

Ծիծաղ — Այո՛, այո՛, կը գրվի: Վերջապես այս միջոցներով ժամանակ կը շահիս և օր մը ստակ վաստկելուդ պես բոլոր պարտքերդ մեկեն կուտաս։

Կայծակ — Շնորհակալ եմ, բայց իմ ընելիք գործս չէ։

Ծիծաղ — Ուրեմն գնա՛ խղդվե՛։

Բարոյական — Առանց հուսահատելու միջոցներ խորհելու է, մեկ կողմեն դժբախտության վարժվելու և մյուս կողմեն անկե փրկվելու համար։


ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ԽՆԴԻՐԸ

Որթերու պատուհաս այս որդն կենդանիներու ժողովույն մեջ վիճաբանության դրվեցավ օր մը։ Ատենապետն խնդիրն վիճաբանության դնելե առաջ պատվիրեց անոնց, որ խոսիլ և շատ խոսիլ կուզեն՝ զգուշանալ ֆիլոքսերային առթիվ ուրիշ կենդանիներու ակնարկություններ ընելե և ապա խոսք տվավ կենդանիներուն, որ կարգավ խոսեցան կամ ամենը մեկեն խոսեցան։

Աղվես — Խոսքը իմս է։

Կապիկ — Ո՛չ, ես քեզմե առաջ խոսք առի։

Կռոնոս — Ամենեն առաջ ես պիտի խոսիմ։

Ատենապետ — Խոսքն աղվեսինն է։

Աղվես — Տյարք իմ, տիկնայք, այն խնդիրն, որու վրայոք պիտի ճառեմ այս բեմեն, նոր չէ։ Շատերն ուսումնասիրած, իմաստասիրած և տեղեկագրած են զայն, և ոմանք ալ թարգմանած. այսու ամենայնիվ հակառակ այսքան ուսումնասիրական տեղեկագրերուն՝ այս որդն կը շարունակե մեծ վնասներ