Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խե՜ղճ կենդանի։

— Ասոր ի՜նչ կըսես, Բարոյական։

— Աս ամեն բան լմնցուց։ Կտոր մը հաց տուր երթա։

— Եկե՜ք, բարեկամ, առեք. շատ գեղեցիկ կին մը կամ զինքն ստացողին մահվան պատճառ կըլլա կամ չստացողին։

— Շնորհակալ եմ։

— Մուրացկան մալ կուգա, արդյոք աս ի՞նչ սկզբունքով կը մուրա, հարցուր նայինք, Ծիծաղ։

— Ողորմեցե՛ք աղքատին... ո՛...

— Ինչո՜ւ կը մուրաս։

— Ա՜հ, ի՜նչ ըսեմ այն տյուշեշին, որ զիս այս վիճակին մեջ դրավ։ Ես խաղամոլ մէի, շատ ստակ վաստկեցա և շատ ալ կորսնցուցի, սակայն անգութ և անագորույն տյուշեշ մը վերջին հարվածը տվավ ինձ, բոլոր հարստությունս առավ տարավ և հիմա այսպես կը մուրամ շարունակ երկու տարիե ի վեր, սա նպատակավ, որ հարյուր ոսկվո գումար մը դիզեմ և նորեն սկսիմ նարտ, թուղթ խաղալու։ Ա՜հ, տվեք ինձի մեկ երկու ոսկի։

— Փորձառությունն ազդեցություն մը չըրավ վրադ։

— Ես չեմ հուսահատիր։ Կանցնին տյուշեշները և անոնց կը հաջորդեն տյուպարաներ: Հաստատամտություն պետք է առևտուրի մեջ։ Եթե կը փափաղիք՛ նարտ մը խաղանք քեզի հետ մեկ ոսկիի։

— Ձէ, չէ Բարոյականին հետ խաղա։

— Ես ստակով խաղ չեմ խաղար։

— Տվե՛ք ուրեմն ինձի մեկ երկու ոսկի։

— Քեզի ողորմություն չենք կրնար տալ։

— Ինչո՜ւ չեք կրնար տալ, եթե ըսեի ձեզ. «Օգնեցեք ինձ, որովհետև լրագիր մը պիտի հրատարակեմ կամ վարժարան մը պիտի բանամ կամ դասագիրք պիտի տպեմ» այն ատեն իրավունք կ՛ունենայիք չօգնելու, բայց քանի որ նարտ խաղալու համար օգնություն կուզեմ, ձեր պարտքն էր անմիջապես աջակցիլ ինձ հոժարակամ։ Ա՜հ, տյուշհշ տյուշեշ... Վաթերլո Վաթերլո...

— Քեզի ողորմություն չկա, բանդ գնա։