Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա դիմացեն եկողն ո՞վ է... ան ալ մուրացկան մէ, բայց գոռոզ կերպարանք մունի, կարծես զմեզ ծեծելու կուգա:

— Ողորմություն տվեք ինձի հիմա, անմիջապես, շուտ։ Գործ ունիմ պիտի երթամ, չեմ կրնար սպասել։

— Աս ի՛նչ լեզու Է։

— Իմ լեզուս աս Է, հերիք քաղաքավարությամբ վարվեցանք, աղաչեցինք, պաղատեցինք, այսուհետև այս լեզվով պիտի խոսիմ. հարյուր հիսուն տեղ ներկայացա և կտոր մը հաց չկրցի ճարել, պետք է անմիջապես օգնեք ինձ։

— Ապա թե ոչ...

— Ապա թե ոչ բռնությւսմբ պիտի առնեմ։

— Ի՞նչ իրավունքով։

— Երբ անոթի եմ և հարուստե մը կտոր մը հաց կուզեմ և այդ հարուստն չտար, իրեն երեսն ապտակ մը հանելու իրավունք չունի՞մ. եթե նորեն չտա՝ իրեն կուրծքը դանակ մխելու ազատություն չունի՞մ։ Երբ հարուստն յուր աղքատ նմանին օգնելու չփութար՝ կը հայտնե, թե յուր սրտին մեջ ապառաժի նման բան մունի, ինչո՞ւ ուրեմն անոթի մը քաղաքավարության սահմանեն դուրս չելնե և բռնությամբ չհափշտակե, ինչ որ հոժարակամ և խնդամիտ տալու պարտավոր էր կրթություն ունեցող մեկն։

— Սակայն մենք պիտի օգնենք քեզի։

— Ատ ուրիշ խնդիր: Ողջ եղեք:

— Առ քեզի հաց, պանիր և գինի:

— Գինի՞, ո՜հ, պատվական ըմպելիք... դուք ինձի գինի տվեք, ուրիշ բան չեմ ուզեր. գինին է զիս մուրացկանության տանողն, ժողված ստակներս գինիի կուտամ։ Ի՞նչ ընեմ, կը սիրեմ գինին, չեմ կրնար բաժնվիլ անկե։

— Ամոթ չէ՞։

— Ամենևին։ Մեկը կնկան մը կը սիրահարի, անոր համար կը մեռնի, և ամենեն կողբացվի, վեպերու նյութ կըլլա և բանաստեղծներու ողբոց, հառաչանաց և հեծեծանաց արժանի կըլլա, իսկ երբ ուրիշ մը գինիի սիրահարի և անոր համար մեռնի, ամենեն կը դատապարտվի և կանիծվի։ Քանի որ մեր ձեռքը չէ չսիրահարվիլ կնկան կամ գինիին, ինչո՞ւ համար միույն զոհ գնացողն մյուսույն համար մեռնողեն տարբեր