Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ երեսփոխան մը, հակառակ կուսակցութենեն բնականաբար, խոսք առավ և հայտնեց, թե օդն շատ տաք էր նույն օրն, թե ինքն տաքեն կը քրտներ և թե բնավ հարկ չկար ուրիշ տեղ փոխադրվելու։

Երեք ժամ վիճաբանութենե ետքը ընդունվեցավ բանաձև մը, որ օդին ցուրտ ըլլալն խոստովանելով հանդերձ տաք ըլլալն ալ չէր ուրանար։

Միջադեպը գոցվեցավ։

Քանի մը վայրկյան հետո, օդին ցրտությունն հաստատել ուզող կուսակցության երեսփոխաններեն մին, որ նոր կուգար ժողովույն, եկավ քովս նստավ։ Նույն օրն ես ալ անմահացած էի գրագետի մը շնորհիվ և ներկա էի կաճառին:

— Ի՞նչ որոշումներ տրվեցան, հարցուց ինձ։

— Օդին տաքությանն և ցրտությանը վրա վիճաբանություն եղավ։

— Ի՞նչ որոշում տրվեցավ։

— Որոշում տրվեցավ, որ օդն՝ թեև ցուրտ՝ բայց տաքություն ալ ունի։ Դուք ո՞ր կարծիքեն եք։

— Վիճաբանության ներկա չէի, խնդիրն ուսումնասիրած չեմ, որ կարծիքս ըսեմ ձեզ։

— Կը մսի՞ք, թե ոչ։

— Եթե մեր կուսակցությունն կը մսի՝ բնական է, որ ես ալ մսիմ, պատասխաներ, թեև քիչ մր քմծիծաղով, բայց զգուշանալով միշտ, որ յուր ընկերներուն սիրտն չվիրավորե անոնց հակառակ կարծիք մը հայտնելով։

Քանի որ այս աստիճան վստահություն ունին երեսփոխանը սույն կուսակցության անդամոց վրա, որուն կը պատկանին, կառաջարկեմ, որ իրենց ձայնն, քիմքն և մորթն հանձնեն այն կուսակցության պետին, որուն վրա վստահություն ունին և իրենք ներկայության տոմարին մեջ իրենց անունն արձանագրելով երթան իրենց առևտրական գործերովն զբաղելու։

Այս եղանակավ կունենանք երեսփոխանություն մը բաղկացյալ ինն, տասն աստվածներե, ինչ որ է այսօր իրոք, որ գոնե իրենց խղճին կամ կրից կամ շահուց հետևեչով կը խոսին և ուրիշին կրից կամ շահուց գործիք չեն լիներ։ Այսպես